ԳլխավորԼուր

«Մենք պատրաստվում ենք նոր բազա ստեղծել Լուսնի և Մարսի վրա»

ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս, ԵՊՀ շրջանավարտ, Ամերիկյան համալսարանի (Վաշինգտոն) հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը «Կյանքի փնտրտուքը Տիեզերքում» և «Լուսնի և Մարսի հանելուկների լուծումները» խորագրերով դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ում, հայտնում են բուհի լրատվականից։

Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում անցկացված հանդիպման սկզբում ֆակուլտետի դասախոս, Բյուրականի աստղադիտարանի գիտական գծով փոխտնօրեն Հայկ Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց պրոֆեսորի կենսագրության մանրամասներն ու նրա անցած ուղին:

«Կյանքի փնտրտուքը Տիեզերքում» դասախոսության ընթացքում խոսելով թեմայի արդիականությունից՝ հանրահռչակ աստղաֆիզիկոսը փաստեց, որ տարիներ առաջ տիեզերքում կյանքի հետքեր փնտրելն ու գտնելը գիտնականներին անիրական էր թվում, իսկ այժմ այն գիտական ուսումնասիրությունների կենտրոնում է։

«Մարդկության երազանքներից է եղել Տիեզերքում այլ կյանք գտնելը, և այդ կյանքի որոնման ճանապարհին տարբեր հարցեր են առաջացել: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, կատարելով միջգիտակարգային ուսումնասիություններ և մեկտեղելով գիտության տարբեր բնագավառների ներկայացուցիչների ջանքերը՝ հնարավոր է գտնել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները»,- ասաց Վ. Հայրապետյանը։

«Լուսնի և Մարսի հանելուկների լուծումները» խորագրով դասախոսության ընթացքում պրոֆեսորը պատմեց Լուսնի և Մարսի մասին, ապա հայտնեց, որ «ՆԱՍԱ»-ն պատրաստվում է հրթիռ ուղարկել Տիեզերք:

«Մենք պատրաստվում ենք նոր բազա ստեղծել Լուսնի և Մարսի վրա: Այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են որոշակի աշխատանքներ և, կարելի է ասել, շուտով Լուսնի և Մարսի համար սկսելու է նոր դարաշրջան»։

Վ․ Հայրապետյանը, անդրադառնալով իր գիտական նվաճումներում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տված գիտելիքների դերին և կարևորությանը, նշեց, որ այսօրվա հայ ուսանողներն ունեն մեծ ներուժ, և ԵՊՀ-ն այն մեկնակետն է, որտեղից հնարավոր է հասնել ցանկալի բարձրակետին։

«Տասը տարեկանից երազում էի դառնալ աստղագետ և արդեն հստակ որոշել էի զբաղվել գիտությամբ: Իմ երազանքների իրագործման և գիտելիքներս հարստացնելու նպատակով ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղ ստացած գիտելիքները կիրառում եմ մինչ օրս։ Ուրախությամբ հայտնում եմ, որ հաջորդ տարի դասավանդելու եմ հարազատ ֆակուլտետում, աշխատելու եմ ուսանողների հետ՝ փորձելով օգնել նրանց գիտական աշխատանք կատարելու հարցում։ ԵՊՀ ռեկտորի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայնության՝ ԵՊՀ ուսանողները հետագայում հնարավորություն կունենան ԱՄՆ մեկնելու և այնտեղ սովորելու»,- ասաց ԵՊՀ շրջանավարտը:

Պրոֆեսորը, կարևորելով երիտասարդ գիտնականների կայացման գործում գիտական միջոցառումներին մասնակցություն ունենալը, նշեց. «Կարծում եմ՝ երիտասարդ գիտնականների համար կարևոր է միջազգային փորձի կուտակումը և գիտական միջոցառումներին, այդ թվում՝ գիտաժողովներին, դասախոսություններին ու քննարկումներին ակտիվ մասնակցելը։ Գիտությունը զարգացնելու նպատակով պետք է օգնենք երիտասարդներին, որպեսզի իրենց ներդրումն ունենան միջազգային գիտական ասպարեզում»։

Աստղաֆիզիկոսն ուսանողներին խորհուրդ տվեց բաց չթողնել գիտնականների հետ հանդիպելու և աշխատելու հնարավորությունը, չվախենալ հարցեր տալուց, կարծիք հայտնելուց և սխալվելուց:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Վ. Հայրապետյանը կարողացավ Հայաստանից հասնել ՆԱՍԱ, աշխատել ու ղեկավարել 4 բաժին, նա պատասխանեց. «Իմ կյանքում ու գիտական գործունեության մեջ մեծ է եղել աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի և հորս դերակատարումը: Վ. Համբարձումյանն ուղղորդեց ինձ գիտության մեջ առաջ շարժվելու և հաջողությունների հասնելու հարցում, իսկ հայրս օգնեց հասկանալ, թե ինչ կարողություններ ունեմ և որն է կյանքում իմ առաքելությունը»։

Նշենք, որ Վլադիմիր Հայրապետյանը սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել աստղաֆիզիկայի բաժնում, ասպիրանտուրայում սովորելու տարիներին՝ աշխատել Բյուրականի աստղադիտարանում։ Համալսարանը գերազանց ավարտելուց հետո տեսական գիտելիքներն սկսել է կիրառել Բյուրականի աստղադիտարանում՝ Վիկտոր Համբարձումյանի հիմնած տեսական ֆիզիկայի բաժնում։ Աստղաֆիզիկոսն արդեն 25 տարի ՆԱՍԱ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության աշխատակից է, Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս։

Հավելենք, որ աշխարհահռչակ աստղաֆիզիկոսը Հայաստանում է «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը PMI Science-ի աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողների հետ համագործակցությամբ խթանել համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունը և միջազգային համագործակցությունը: