ԳլխավորԼուր

Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան- 100» համաժողովը: Այն համարվում է գալիք տարի Հայաստանում անցկացվելիք՝ գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:

Հանդես գալով ողջունի խոսքով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը:

«Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է,- ասել է նախագահը: -Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կամ չի տրվում, կամ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Այս իմաստով այսօր, պատմության հորձանուտների միջով անցնելուց հետո, երբ չկա Խորհրդային Միությունը, ԽՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը տիեզերքում, մնացել են գործեր և անուններ, որոնք մարդկության հետ են լինելու հարյուրամյակներ ու հազարամյակներ: Դրանցից մեկն Ալեքսանդր Քեմուրջյանի անունն է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Քեմուրջյան ազգանունը լսել և դրա մասին խոսում է արդեն երկու անգամ՝ երկու տարբեր մարդկանց ճակատագրերի հետ կապված:

«Օրեր առաջ Իտալիայում՝ Բոլոնիայի համալսարանում էի: Այդ համալսարանը հսկայական պատմություն ունի, գրքի ու գիտելիքի մեծ տաճար է: Համալսարանի գրադարանում սեղանին դրված էր մոտ 4 մետր երկարություն ունեցող քարտեզ, որը ստեղծվել է 1691 թվականին: Այն պատմական Հայաստանում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության տարածքից, պատմական Կիլիկիայից, Վասպուրականից մինչև Արևելյան Հայաստան, ընդհուպ մինչև Արցախ) գտնվող հայկական պատմական ու պատմամշակութային, հոգևոր արժեքների քարտեզն էր՝ ձեռքով նկարված, ֆանտաստիկ գեղեցկության և պատմական հսկայական արժեք ունեցող: Եվ հետաքրքիր էր այդ քարտեզի հեղինակի անունը՝ Երեմիա Քեմուրջյան,- պատմել է նախագահը: -Ես խնդրել եմ իմ գործընկերներին, որ գտնեն Քեմուրջյանների կապը: Կարծում եմ՝ իրականում դա մի ընտանիք է՝ սկսած Երեմիա Քեմուրջյանից, որ Կոստանդնուպոլսից այդ հսկայական աշխատանքը կազմակերպել ու ղեկավարել է, որը հոյակապ տաղանդ է ունեցել, և գուցե այդ տաղանդը գենետիկորեն փոխանցվել է մինչև Ալեքսանդր Քեմուրջյան և նաև ձեզ: Այնպես որ, ուրախ կլինեմ՝ միասին անենք այդ փոքր հայտնագործությունը՝ կապել Երեմիա Քեմուրջյանին Ալեքսանդր Քեմուրջյանի հետ»:

Անդրադառնալով Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական գործունեությանը՝ նախագահը մասնավորապես նշել է, որ պետք է ընդհանրապես արժանի գնահատական տրվի ինչպես գիտությանը, գիտելիքին, արվեստին, այնպես էլ՝ բարձր ինժեներական արվեստին:

«Երբ խոսում ենք մեծ ինժեներների մասին, չենք կարող չգնալ մինչև Հին Հունաստան, Հռոմ, Հին Եգիպտոս: Օրինակ, նայելով բուրգերին՝ մտածում ես, թե ինչ ինժեներական հանճար էր պետք ունենալ նմանատիպ բուրգ կառուցելու համար, -ասել է նախագահ Սարգսյանը: -Կան ինժեներական հանճարեղ լուծումներ, որոնք դառնում են խորհրդանիշ, արվեստ՝ Լեոնարդո դա Վինչիի նկարներից, Թոմաս Էդիսոնի էլեկտրական մեքենան, Կորոլյովի հրթիռը, Սթիվ Ջոբսի Macintosh-ն ու iPod-ը և Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը:

Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր ինքնաթիռ է նստում, և դա դարձել է սովորական: Սակայն բոլորի համար պատմականն այն երկու եղբայրների հրթիռն էր, որոնք առաջին ինքնաթիռը կառուցեցին: Մարդիկ տիեզերք են թռչելու՝ դպրոցականները, երեխաները, գիտնականները, գործարարները, մարդիկ սկսելու են ապրել Լուսնի վրա, բայց միևնույն է, առաջին լուսնագնացը, որը հիմքն է, մայրն ու հայրն ապագա լուսնագնացների ու մարսագնացների, Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացն է: Եվ այն մնալու է որպես հանճարեղ ինժեներական լուծում, հանճարեղ արվեստի գործ, դառնալու է խորհրդանիշը բոլոր այն մեքենաների, որոնք ճանապարհորդելու են դեպի Մարս, դեպի Լուսին, դեպի այլ հեռավոր մոլորակներ: Ալեքսանդր Քեմուրջյանի լուսնագնացը, ինչպես և առաջին Macintosh-ը, առաջին էլեկտրական մեքենան, Լեոնարդոյի հանճարեղ ինժեներական լուծումները, մնալու են պատմության մեջ։ Ուրախ եմ, որ եկել է պատմական ժամանակը՝ ճիշտ գնահատական տալու Ալեքսանդր Քեմուրջյանին, ուրախ եմ, որ այդ հանճարեղ, ստեղծագործող մարդն ինժեներական արվեստում, գիտության մեջ իմ հայրենակիցն է եղել:

Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ նրա հետնորդները, մասնավորապես զավակը, շարունակեն նրա գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»:

Համաժողովի բացումը ողջունել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Տեսակապի միջոցով համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել և Ալեքսանդր Քեմուրջյանի գիտական վաստակն են կարևորել ՆԱՍԱ-ի նախկին ադմինիստրատոր Շոն Օ’Քիֆը (Sean O’Keefe), The Planetary Society-ի նախագահ Բեթանի Էհլմանը (Bethany Ehlmann) և համահիմնադիր Լուի Ֆրիդմանը, «Ապոլո 16»-ի տիեզերագանաց Չարլզ Դյուքը (Charles Duke Jr):

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։

Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը:

Comment here