ԳլխավորԽճանկար

Օրգովի ռադիոօպտիկական եզակի աստղադիտակը աշխատունակ է, բայց  չի գործարկվում

Օրգովի գյուղի մոտակայքում 1975 թ․ կառուցվեց Արագածի գիտական կենտրոնը, որը հանդիսանում է անտենային ճշգրիտ չափումների պոլիգոն, որտեղ տեղակայված է աշխարհի միակ ռադիո-օպտիկական դիտակը՝ ՌՕԴ-54/2.6, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից:

Աստղադիտակը սկսվեց կառուցվել 1980 թվականին։ Ընտրված վայրը չուներ էլեկտրական սնուցում և ճանապարհներ, որի պատճառով զուգահեռ կառուցվում էին նաև օժանդակ շինություններ։

1986 թվականին աստղադիտակն արդեն պատրաստ էր․ այն համարվեց գյուտ և մտցվեց ԽՍՀՄ գյուտերի Գոսռեեստր՝ «Հերունու հայելային աստղադիտակ» անվամբ։

Դիտակը սկսեց շահագործվել 1987 թվականին և արդեն առաջին տարում արձանագրեց գիտական հայտնագործություն

Այն իրենից ներկայացնում է 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ:

Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում: Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։

Oրգովի ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման միտքը սկզբում չի ողջունվել Մոսկվայի կողմից։ Պարիս Հերունուն ԽՍՀՄ կառավարությունն առաջարկում էր աստղադիտակը կառուցել Ղրիմում՝ Հայաստանի փոխարեն։ Հերունին շուրջ 17 տարի պայքարեց այս գաղափարի հաստատման համար

Աստղադիտակը գործել է նաև 90-ականներին, սակայն 2000 թվականից ֆինանսական միջոցների սղության պատճառով գործունեությունը դադարեցվել է։

Ներկայումս, չնայած աշխատունակ է, սակայն չի գործարկվում։

Հերունու ռադիոդիտակի կիրառման բնագավառներն են. տիեզերքի հետազոտությունը և հեռավոր տիեզերական կապը:

Անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիների աղմկահարույց հայտնագործությունների մեծամասնությունը՝ սև խոռոչի լուսանկարը, գերնոր աստղերի պայթյունները, հեռավոր գալակտիկայում ադամանդե մոլորակը, դեռևս բացատրություն չունեցող տարօրինակ հզորագույն ռադիոբռնկումները կատարվել են հենց նման կարգի ռադիոդիտակներով:

ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվել է որպես պատմամշակութային արժեք։

Comment here