ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Գիտության շաբաթ» նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ, որի հիմնական թեման է՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ինչը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։
Միջոցառումների ծրագիրը բաժանված է երեք հիմնական թեմատիկ մասերի․
- Գիտությունն ամենուրեք է՝ հոկտեմբերի 1-2, որը կբացահայտի գիտության ամենօրյա ներկայությունը մեր կյանքում։
- Մասնագիտական կողմնորոշում՝ հոկտեմբերի 3-4, որի շրջանակում կկազմակերպվեն հանդիպումներ և սեմինարներ երիտասարդների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական աճին։
- Գիտական ֆանտաստիկա՝ հոկտեմբերի 5-6, որը գիտության ապագային նվիրված միջոցառումների շարք է:
Գիտության շաբաթը կլինի ապակենտրոնացված, և միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ նպատակ ունենալով հասարակության ավելի լայն շերտերին հասանելի դարձնել գիտության կարևորությունը։ Վեց օր շարունակ Երևանի Ազատության հրապարակում տեղի ունենալիք Գիտության փառատոնին կմասնակցեն գիտական ինստիտուտներ, համալսարաններ, ինչպես նաև կրթական և տեխնոլոգիական համայնքի կազմակերպություններ ու ընկերություններ։ Զուգահեռ` մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ, որոնց ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ, վարպետաց դասեր, մրցույթներ, գիտափորձեր։ Մասնակիցները կծանոթանան վերջին գիտական հայտնագործություններին, կշփվեն գիտնականների հետ, իրենց ուժերը կփորձեն տարբեր նախագծերում:
Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։