ԳլխավորԼուր

Մոլորակների եռակի միացում. Վեներան, Սատուրնը և Մարսը կհանդիպեն երկնքում

Մոլորակներ

Վաղը՝ մարտի 28-ին, երկնքում կդիտվի չափազանց տեսարժան երևույթ՝ Վեներա, Սատուրն և Մարս մոլորակները «կհանդիպեն», այսինքն՝ կդիտվեն իրար մոտ, հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։

3 մոլորակի միացումները (եռակի միացումներ), ի տարբերություն երկու մոլորակի միացումների, հազվադեպ և հետևաբար ավելի հետաքրքրական երևույթներ են:

Իսկ ի՞նչ է մոլորակների միացումը։ Մոլորակների միացում է կոչվում երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը՝ որպես կանոն, մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային տրամագիծն է կես աստիճան):

Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է, այսպես կոչված, «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է: Հակառակ դրան երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ՝ 1 աստիճանի սահմաններում, որպես կանոն, լինում են տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):

Իրականում Լուսինը և մոլորակները տարածության մեջ շատ հեռու են միմյանցից։ Երևացող «միացումը» Երկրից դիտելիս նրանց պրոյեկտված պատկերն է միայն։ Նույնիսկ մեզ ամենամոտ մոլորակները՝ Վեներան և Մարսը, պտտվելով իրենց ուղեծրերով, իրարից հեռու են լինում առնվազն 94 մլն կմ, հիմնականում նույնիսկ շատ ավելի։