ԳլխավորԼուր

Ընտրվել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց:

Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից առաջարկվեց մեկ թեկնածու՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը:

ԵՊԲՀ կառավարման մարմնի 31 անդամները բաց քվեարկության արդյունքում Միքայել Ադամյանին միաձայն ընտրեցին ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի քարտուղարի աշխատանքը կշարունակի իրականացնել ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի ասիստենտ և ուսումնական մասի պատասխանատու, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը զեկուցեց օրակարգի երկրորդ հարցը՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի նախորդ կազմին՝ նախկին նախագահ Վահան Արծրունու գլխավորությամբ, երկու տարիների ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար, որը լի էր մարտահրավերներով, կլինիկական և գիտական հաջողություններով, վարչական և շինարարական նորամուծություններով: «Բուհում ամեն հաջորդ սերունդ պետք է գերազանցի նախորդներին: 100 տարիների ընթացքում այս պատերի ներքո կերտվել են բժշկական սերունդներ, որոնք կարողացել են ապահովել մեր երկրի առողջապահության ճակատը»,-ասաց ռեկտորը՝ հիշեցնելով, որ ԵՊԲՀ-ն ունի շուրջ 8000 շրջանավարտ, որոնք հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում աշխարհի 40 երկրում: Բժշկական համալսարանում կրթություն է ստանում 1820 օտարերկրացի: Առաջիկայում ծրագրվում է այս թիվը հասցնել 2000-ի:

Անդրադառնալով օտարերկրացի ուսանողներին՝ ռեկտորը նշեց, որ գալիք ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ բուհը կանգնած է արտերկրից ժամանող ապագա բժիշկների մուտքը Հայաստան ապահովելու խնդրի առաջ: Օտարերկրացի սովորողների մուտքը մեր երկիր, ինչպես նաև ուսումնառությունը ԵՊԲՀ-ում հնարավորինս անխոչընդոտ կազմակերպելու ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ:

Comment here