ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում մեկնարկել է «Գիտելիքի փոխանցում» գարնանային դպրոցը

«Գիտելիքի փոխանցում» գարնանային դպրոցը ԵՊԲՀ-ում

Բժշկական համալսարանում մեկնարկեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտելիքի փոխանցում» (“Knowledge transfer”) գարնանային դպրոցը, հայտնում են ԵՊԲՀ-ից:

Մարտի 21-24-ը նախատեսված միջոցառման նպատակը բուհի հետազոտողներին և աշխատակիցներին հետազոտության արդյունքների առևտրայնացման վերաբերյալ գիտելիքի փոխանցումն է և փոխանցելի հմտությունների զարգացումը, ինչը կնպաստի իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և որակի բարելավմանը։

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը ներկայացրեց կառույցի գործունեության նպատակներն ու առաքելությունը։ «Մենք պետք է ունենանք հետազոտության այնպիսի արդյունք, որը կարող է ներկայանալ շուկայում։ Գլոբալ առումով՝ մեր առաքելությունը մոտակա 5-10 տարվա ընթացքում բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացումն է »,- շեշտեց նա։

«Գիտելիքի փոխանցում» գարնանային դպրոցը ԵՊԲՀ-ում

“Precision Sensors and Instrumenats” ընկերության համահիմնադիր, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի խորհրդատու Վարդան Գևորգյանն անդրադարձավ տեխնոլոգիաների առևտրայնացման կարևորությանն ու սկզբունքներին։ «Գիտությունը կամ հետազոտությունը ֆինանսական միջոցների փոխակերպումն է գիտելիքի։ Տեխնոլոգիան գիտելիքների օգտագործումն է՝ բարելավելու մեր առօրյա գործունեությունը։ Նորարարությունը գիտելիքի փոխակերպումն է ֆինանսական միջոցների», — նշեց մասնագետը։

Գարնանային դպրոցի շրջանակում համալսարանում նախատեսվում են մի շարք այլ հանդիպումներ, կներկայացվեն դասախոսություններ գիտական արդյունքի պատենտավորման իրավաբանական կարգավորումների, արդյունավետ հաղորդակցման հմտությունների, առաջնորդության և նախագծերի կառավարման, ինչպես նաև այլ թեմաների վերաբերյալ։