ԳլխավորԺամանցԼուր

Ապագա բժիշկն իր երաժշտական կատարումը նվիրում է անմահացած հերոսների հիշատակին

Շուշան Ստեփանյան

Սպիտակ խալաթը խնամքով դրված է պայուսակում, ուսումնական նյութն էլ՝ ձեռքին: Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Շուշան Ստեփանյանն է՝ Հրազդանից, տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։

Հրազդանի պետական բժշկական քոլեջի շրջանավարտի համար ԵՊԲՀ-ում կրթությունը շարունակելը, ինչպես ինքն է բնորոշում՝ երազանք էր: Հանձնելով ընդունելության պետական քննությունները՝ նա բժշկական բուհ է ընդունվել բարձր միավորներով՝ սովորում է անվճար համակարգում:

Չնայած նրան, որ այս ընթացքում ուսումնական գործընթացը բժշկականում կազմակերպվում է հիբրիդային եղանակով՝ հեռավարի և առկայի համատեղությամբ, իսկ վերջին երկու ամսում հեռավար, Շուշանի համար կարճ ժամանակահատվածում 100-ամյա բուհը հասցրել է հարազատ դառնալ: Խոստովանում է, որ կենդանի հաղորդակցմամբ դասապրոցեսն ավելի լավ է անցնում:

Նա համար խորհրդանշական է, որ համալսարան ընդունվել է հենց մեկդարյա հոբելյանի տարում: «Շատ տպավորված եմ նաև դասախոսական անձնակազմով: Այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր իսկապես սիրում են իրենց գործը»,- նկատում է ուսանողուհին:

Նրա ընտանիքում բժիշկներ չկան, ինքն առաջինն է: Նշում է, որ ընտրել է այս մասնագիտությունը, որովհետև այստեղ առաջնային է մարդկանց հետ շփումը, նրանց օգնելու անհրաժեշտությունը:

Իհարկե, դեռ վաղ է խոսել ապագա մասնագիտացման մասին, սակայն Շուշանն ունի իր նախընտրած ուղղությունները՝ վիրաբուժություն կամ ռադիոլոգիա:

Փոքր տարիքից ապագա բժշկուհին աչքի է ընկել նաև այլ հետաքրքրություններով. լավ երգում, պարում և ասմունքում է: Ասմունքի բնագավառում մասնակցել է հանրապետական միջոցառման: Նրա երաժշտական ունակությունների մասին բուհում ևս գիտեն: Երգացանկում են էստրադային, արտասահմանյան հեղինակների կատարումները, իսկ այս մեկը՝ «Ապրել խաղաղ» երգը, ուսանողուհին նվիրում է վերջին ամիսներին առաջնագծում իրենց մարտական պարտքը կատարած զինծառայողներին և մարտի դաշտում անմահացածների հիշատակին:

Comment here