ԳլխավորԼուր

Մանկավարժականի եւս մեկ ուսանող է զոհվել հայրենիքը պաշտպանելիս

Մանկավարժական համալսարանը կրկին անդառնալի կորուստ ունի․ հայրենիքի սահմանները պաշտպանելիս հակառակորդի կրակոցից զոհվել է բուհի Գեղարվեստական լուսանկարչություն բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։

Էդմոն Սարգսյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում։ Բանակ զորակոչվել նախորդ տարվա հունվարին, ծառայում էր Վայոց ձորի զորամասերից մեկում։

ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի անդամ էր, հումորով, կատակասեր ու կենսուրախ․ այսպես են նկարագրում Էդմոնին ճանաչողները։

«Դպրոցն ավարտելուց հետո, բոլորն էլ նոր կյանք են մտնում երազանքներով ու պայծառ մտքերով։ Էդմոնը ևս սովորում էր մեծ ոգևորությամբ, ուրախությամբ զորակոչվեց նաև բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու»,-aspu.am-ի հետ զրույցում նշել է Էդմոն Սարգսյանի կուրսղեկ, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Սամվել Սևադան՝ իր ցավակցությունը հայտնելով թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված սիրելի սանի մահվան կապակցությամբ։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Էդմոն Սարգսյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զոհվել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանող, ժամկետային զինծառայող Լավրենտ Նաթոյանը։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։