ԳլխավորԽոսքՔմծիծաղ

Եթե… ուրեմն՝ շնորհավոր

Եթե առավոտյան մի կերպ արթնանում ես, անկախ նրանից՝ այդ առավոտը սկսվում է ժամը 7-ից թե 10-ից,  կիսահագնված սուրճ պատրաստում, հարդարվում, հազվադեպ՝ նախաճաշում ու շտապում մոտակա կանգառ, որտեղ մի քանի երթուղային ու ավտոբուս բաց թողնելուց հետո՝ մարտական տեսքով գրոհում ես վերջին հույսիդ վրա ու մարմինդ մի կերպ տեղավորում տարբեր ձեւի, մեծության, չորության ու փափկության տարբեր աստիճանների ու տարաբնույթ հագուստներով ծածկված այլ մարմինների կողքին, տակ կամ վրա, ու մի ձեռքով փորձում ես բռնվել չգիտես ումից եւ ինչու, մյուս ձեռքով զանգում ես ընկերոջդ (ընկերուհուդ), որ սպասի քեզ՝ մինչեւ լսարան մտնելը կամ եթե արդեն մի կես ժամ ուշացել ես՝ հայտնի ում հարկն է՝ որ ուր որ է՝ կհասնես,

եթե հերթական դասախոսությունն էլ չես գրառում՝ ինքդ քեզ խոստանալով դա անել մի ուրիշ անգամ, բայց անպայման, բայց ինչպես միշտ՝ փողերդ քամուն ես տալիս «քսերոքսների» վրա,

եթե մասնագիտական գրականությունդ մի կողմ դրած՝ մասնագետի լրջությամբ ու ավյունով ֆեյսբուքյան մեկնաբանություններ ես գրում կամ քո գրածի տակի լայքերն ես հաշվում, կամ շնչասպառ՝ հերթական նկարն ես «Ինստա» գցում ու էլի սպասում՝ լայքերի կամ մեկնաբանությունների,

եթե սոցցանցում փակ խմբի անդամ ես, որտեղ քննարկվում է ներբուհական ցանկացած  հարց, բացի ուսումնառության հետ կապվածներից,

եթե անկախ քանակից՝ փողը ամենաշատը մեկ օր է բավականացնում ու անընդհատ մտածում ես՝ բա էսօր երեկոյան ոնց գնաս էսինչ տեղը էն աղջկա (կամ պարզապես տղաների) հետ,

եթե ընկերուհուդ հետ քննարկում ես, որ էն …ի շրթունքները լցրած է, քիթը՝ սարքած, ինքն էլ մի տեսակ շատ ազատ է ոնց որ իրեն պահում, բայց առավոտյան ահագին չարչարվել ես՝ գոնե մազերդ էն …-ի պես սարքելու համար,

եթե տարվա քո ամենասիրած ամիսը հուլիսն է, իսկ ամենասիրելի տոնը՝ բոլոր այն տոները, երբ դասերից ազատ ես,

եթե ուշ երեկոյան մի կերպ տուն կամ հանրակացարան հասնելով՝ մոռանում ես, որ լսարանում քիչ էր մնում խռմփացնեիր ու մի կտոր բան ուտելով՝ կրկին մխրճվում ես հեռախոսի կամ համակարգչի մեջ՝ հերթական սերիալի հերթական մասերն արեւածաղկի սերմի պես չրթելու կամ հերթական անանունի հերթական սրտաճմլիկությունը կարդալու, կամ էլ՝ նոր դուրս եկած ստրատեգիական խաղում հաղթելու ու քեզ ամենաքիչը կայսր զգալու,

ու եթե սարսափած հայտնաբերում ես, որ էլի եկել է գիշերվա 4-ը, բայց դու դեռ քնած չես, իսկ էն առաջին ժամի դասախոսն էլ էն … դասախոսն է,

ուրեմն շնորհավորում եմ՝ այսօր քո տոնն է, ուսանող։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here