ԳլխավորԼուր

Ազգային ժողովը վավերացրեց «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» Կոնվենցիան

Մայիսի 11-ին Ազգային ժողովը 79 կողմ, 13 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» Կոնվենցիան (Լանզարոտեի կոնվենցիան):

Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման կանխումը եւ պայքարը դրանց դեմ, սեռական շահագործման եւ սեռական չարաշահման զոհ երեխաների իրավունքների պաշտպանությունը, երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման դեմ պայքարում ազգային եւ միջազգային համագործացության զարգացումը:

Այս կոնվենցիան վավերացրած երկրների կողմից Կոնվենցիայի դրույթների իրականացումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանության միջոցառումների ընդունումն ապահովվում է առանց որեւէ խտրականության՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, որեւիցե ազգային փոքրամասնության պատկանելության, նյութական դրության, սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, հաշմանդամության կամ այլ հանգամանքների հիմքով:

Դրանից բացի, երկրներն անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ են ընդունում՝ ուղղված տարրական եւ միջին դպրոցական կրթության ծրագրերում տեղեկություններ ներառելու ապահովմանը՝ երեխաների համար սեռական շահագործման եւ սեռական չարաշահման հետ կապված վտանգների մասին, ինչպես նաեւ տեղեկություններ իրենց պաշտպանելու միջոցների մասին։

Նշենք, որ Կոնվենցիայի կրթական բաղադրիչը բազմաթիվ քննադատությունների է արժանացել հասարակության եւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից:

 

Comment here