ԳլխավորԼուր

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ևս 468 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների ուսանող երեխաների, ամուսինների ուսման վարձը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված հերթական որոշումը վերաբերում է բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ևս 468 ուսանողի։

2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող համապատասխանաբար 372 և 96 շահառուների տվյալներ։ Նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը կկազմի համապատասխանաբար 102 325 600 ու 9 110 000 դրամ:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո կառավարությունն առ այսօր ուսման վարձերի փոխհատուցման 4 որոշում է ընդունել, որով փոխհատուցվել են բուհերում սովորող 7 540 ուսանողի ուսման վարձերը` ընդհանուր շուրջ 1.5 մլրդ դրամի չափով և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանողի ուսման վարձերը` 42 868 300 դրամի չափով: