ԳլխավորԼուր

Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցները

Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցները

Տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ:

Ազգային փուլի մրցույթները կայացել են նոյեմբերի 24-ին և 25-ին: Մրցույթն իրականացվել է 6 հմտությունների գծով՝ «Ոսկերչություն», «Նորաձևության տեխնոլոգիա», «Խոհարարություն», «Բջջային հավելվածների պատրաստում», «Վեբ տեխնոլոգիա» և «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում»: Ազգային մրցույթը կայացել է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլին մասնակցել է 30 ուսանող՝ Երևանի և ՀՀ մարզերի ՄԿՈՒ հաստատություններից:

«Բջջային հավելվածների պատրաստում» հմտության մրցույթում ոսկե մեդալի է արժանացել Արմինե Հակոբյանը՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից: «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» հմտությունից ոսկե մեդալակիր է դարձել Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Հակոբ Բոյաջյանը: «Վեբ տեխնոլոգիա» հմտությունից հաղթել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Դավիթ Մակարյանը, ոսկերչությունից՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի ուսանող Հակոբ Եշիլբաշյանը: Խոհարարության հմտության հաղթող է ճանաչվել Լիանա Մելքոնյանը՝ Հայ-հունական պետական քոլեջից, իսկ նորաձևության տեխնոլոգիայից՝ Միրա Ներսիսյանը՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնից:

Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցները
Պարգևատրվել են «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլի մասնակիցները

Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների և վկայականների: Շնորհակալագրերով պարգևատրվել են նաև մրցույթների հանձնաժողովների անդամները:

«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի հաղթողները 2024 թվականին Լիոնում կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» 47-րդ միջազգային մրցույթին: Հայ ուսանողները 5-րդ անգամ նմանօրինակ հնարավորություն կունենան և կմրցակցեն 86 անդամ երկրների ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Աշխարհի հմտություններ» (WorldSkills International) միջազգային կազմակերպության անդամ է դարձել 2012 թվականից: Միջազգային հեղինակավոր այդ հարթակում մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):