Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանը և Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանը կմիաձուլվեն ու կդառնան «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն, որ ըստ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի՝ ՀՀ-ում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Նոր Արեշ, Բուռնազյան 14 հասցեում գործող ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում են 349 ուսանող հետևյալ 7 մասնագիտություններով` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ» և «Հրուշակեղենի տեխնոլոգիա»։
Երևանի Վարդաշեն, 6-րդ փողոց, 66 հասցեում գործող Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարանում ներկա պահին սովորում են 248 ուսանող հետևյալ 10 մասնագիտություններով` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա», «Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում», «Ֆինանսներ» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»:
Երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով:
Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարանին ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է 2025 թվականին:
Վերանորոգումից հետո նախատեսված է «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:
Հաշվի առնելով, որ մինչև 2026 թվականը շարունակվելու է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝ «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին անդրադարձ կլինի Երևանում օպտիմալացման գործընթացի ավարտից հետո: