ԳլխավորԼուր

ՄԿՈւ-ների և ԲՈւՀ-երի ուսանողներն ու աշխատակիցները աջակցություն կստանան, եթե երթևեկեն հեծանիվով

ՀՀ–ում ՄԿՈւ–ում և ԲՈւՀ–ում սովորողը, աշխատողը կստանա աջակցություն, եթե որպես փոխադրամիջոց նախընտրի հեծանիվը։ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» որոշման այս նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

«Այս նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ՄԿՈւ և բարձրագույն ուսումնական հաստատությունների այն սովորողներին և աշխատակիցներին, որոնք դիտարկում են հեծանիվը իբրև փոխադրամիջոց, իբրև նախասիրություն, ստանալ հնարավորություն մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ՝ անհրաժեշտ պարագաներով և այն գործածել առօրյայում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Համաձայն ՀՀ ԿԳՄՍՆ 2024 թ. հունիս ամսվա վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորում է 120 486 ուսանող, աշխատում է 20 610 դասախոս, որոնք դիտարկվում են որպես այս ծրագրի հնարավոր շահառուներ:

Շուրջ 5000 ուսանողների և դասախոսների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցների շրջանում անցկացված հարցումից պարզ է դարձել, որ հարցվածների շուրջ 0,3 տոկոսն է միայն հաստատություն գնում հեծանիվով։ Միաժամանակ, հարցվածների 3,2 տոկոսը նշել է, որ կցանկանար հեծանիվ օգտագործել։

Ծրագրի շրջանակներում կտրամադրվի օժանդակություն՝ 2025 թվականին՝ 500, 2026 թ.՝ 1000 և 2027 թ.՝ 1500 նոր շահառուների:

Ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերից։ Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: