ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը

Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրումը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր պետական ու ոչ պետական (հավատարմագրված) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։

2023-2024 ուսումնական տարում՝

Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ:

Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2023 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Դիմորդների կողմից դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետ է սահմանվել մրցույթի արդյունքների հրապարակումից հետո մինչև օգոստոսի 24-ը ներառյալ՝ ժամը 18:00: