ԱրցախԳլխավորԼուր

Ուսումը ՀՀ-ում շարունակում է Արցախից բռնի տեղահանված 3075 ուսանող

ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյան

Այս պահի տվյալներով՝ նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորում է ԼՂ-ից բռնի տեղահանված 1231, իսկ բուհերում՝ 1844 ուսանող:

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված անձանց կրթությանը վերաբերող աջակցության ծրագրերի իրականացմանը:

«Այս ուսանողների ուսման վարձի փոխհատուցումն իրականացվում է կրթաթոշակի տեսքով: Ցանկանում եմ ընդգծել, որ առաջիկա օրերին Կառավարության կողմից կհաստատվի որոշում, որը թույլ կտա մինչև սեպտեմբերի 19-ը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցման մեխանիզմներ ևս ներդնել: Այդ ուսանողները երկու հիմնական խմբի են բաժանվում. մի խումբն այն ուսանողներն են, որոնց ուսման վարձը փոխհատուցում էր ԼՂ կառավարությունը, իսկ երկրորդ խմբի ուսանողների ուսման վարձը վճարել են նրանց ընտանիքները, որոնք հայտնվել են ֆինանսական դժվար իրավիճակում: Նոր որոշման ընդունման պարագայում կկարողանանք փոխհատուցել նաև նրանց ուսման վարձը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ներկայացնելով ուսուցիչների աջակցության ծրագիրը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների համար գործարկվել է https://kadrer.emis.am/ հարթակը, որտեղ ներկայացված են ՀՀ հանրակրթական դպրոցներում առկա թափուր տեղերը:

«Այս պահի դրությամբ 200 ուսուցիչ դիմել է գործուղման կարգով աշխատելու համար. նրանցից 12-ը հրաժարվել է, ինչը պայմանավորված է բնակության վայրի փոփոխությամբ: 188 ուսուցիչ արդեն իսկ աշխատում է հանրակրթական դպրոցներում», — տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Առաջիկայում այդ ուսուցիչները Համաշխարհային բանկի աջակցությամբ կվերապատրաստվեն, որպեսզի պատրաստ լինեն Հանրակրթության պետական նոր չափորոշչով դասավանդելուն: Արդեն կազմվել են խմբերը և ժամանակացույցը, և մինչև դեկտեմբերի վերջ կիրականացվի վերապատրաստման դասընթացը:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է։