Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Խոնարհման երեկո՝ ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակին

Արցախի պետական համալսարանից 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդ են դարձել 26 ուսանողներ։ Գիտական խորհրդի որոշմամբ պատերազմից հետո համալսարանի բոլոր միջոցառումները նվիրվում են անմահացած ուսանողների հիշատակին։ Նրանց հիշատակին է նվիրված նաև այսօր մեկնարկած ուսանողական գիտաժողովը։

Արցախյան առաջին պատերազմում անմահացած 72 ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը վերափոխվել է, համալրվել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներում անմահացած ուսանողների լուսանկարներով։ 44-օրյայում նահատակվածների հիշատակին համալսարանին պատկանող՝ Պատարայի մերձակայքի ուսումնական գոտում կառուցվում է հուշաղբյուր, հրատարակվել է նրանց կենսապատումն ամփոփող «Ձեզ բացակա չենք դնի» գիրքը, պաշտոնական կայքում բացվել է նրանց կենսագրությունն ու լուսանկարները նեկայացնող «Ձեզ բացակա չենք դնի» բաժինը։

Այսօր ԱրՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի մոտ տեղի է ունեցել խոնարհման ու հիշատակի արարողություն, որին ներկա էին անմահացած ուսանողների հարազատները, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ուսանողական գիտաժողովի պատվիրակներ։

ԱրՊՀ ռեկտորը շնորհակալություն է հայտնել նահատակված ուսանողների ծնողներին ու հարազատներին՝ հերոս զավակներ ծնելու և դաստիարակելու համար․ «Նրանք նահատակվեցին, որպեսզի նորից հնչի զանգը արցախյան կրթօջախներում։ Մեր հերոս տղաների շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում է Արցախը, փառք ու պատիվ մեր հերոս տղաներին»,-նշել է ռեկտորը։

Արմեն Սարգսյանը անմահացած ուսանողների ծնողներին է նվիրել նաև ԱրՊՀ կողմից հրատարակված «Ձեզ բացակա չենք դնի» գրքերից։

Խոնարհման արարողությունից հետո Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԱրՊՀ ուսանողների ջանքերով կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված անմահացած ուսանողների հիշատակին։