ԳլխավորԼուր

Բացվել է «Դրվագներ ինքնության. զարդ» ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դրվագներ ինքնության. զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ ոսկերիչ և արծաթագործ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Ցուցահանդեսի համար հիմք է ծառայել թանգարանի աշխատակից Աստղիկ Իսրայելյանի գիտական կատալոգը, որը վերջերս է լույս տեսել:

«Սա նաև յուրօրինակ հաղորդագրությամբ հետաքրքիր նվեր է Մայրության և գեղեցկության տոնին՝ անցյալից դեպի ներկա շատ երևույթների նորովի նայելու, արժևորելու առումով»,- ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նա իրազեկել է, որ գրեթե ամեն շաբաթ թանգարանը հրավիրում է բանախոսի, որը ընթացիկ ցուցահանդեսի շրջանակում բացահայտում է որոշակի շերտեր՝ նոր դիտանկյունից ներկայացնելով տվյալ դարաշրջանն ու ցուցադրվող նմուշները:

Նշենք նաև, որ «Դրվագներ ինքնության» շարքի ավանդույթը կշարունակվի նաև այլ ցուցադրություններով: