ԳլխավորԼուր

Փոփոխություններ՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծում

Վահրամ Դումանյան

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրենսդրական փաթեթում կատարվել են որոշ փոփոխություններ:

«Ըստ օրինագծի՝ ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և ընտրված ռեկտորը հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվում է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու պարագայում»,- ասաց Դումանյանը:

Վահրամ Դումանյանը նշեց, որ փոփոխություններ են կատարվել նաև բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի վերաբերյալ:

«Առաջարկվում է հանել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնն անընդմեջ 2-ից ավելի անգամ զբաղեցնելու սահմանափակումը»,- նշեց նախարարը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև բուհի ռեկտորի, ամբիոնի վարիչների և դեկանների պաշտոնները վարչականից դարձնել ակադեմիական:

Նախարար Վահրամ Դումանյանն Ազգային ժողովին առաջարկեց օրենսդրական փաթեթը տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ, որտեղ հնարավոր կլինի քննարկել օրինագծի վերաբերյալ առկա այլ առաջարկները:

Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի փետրվարի 11-ի նիստում

Comment here