ԳլխավորԼուր

Ապրիլի 28-ին կկայանա Կիև-Երևան չարտերային թռիչքը

Ուկրաինայի հայերի միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ուկրաինական «SkyUp» ավիաընկերության հետ՝ ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Չարտերային թռիչքի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Վերջինները պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում առկա է 150 նստատեղ, և տոմսերը տրամադրվելու են ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության, ուստի, Հայաստան վերադառնալ ցանկացողները պետք է շտապ հաշվառվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

Մեկ ուղևորի անվճար տոմսը ներառում է ձեռքի մեկ՝ մինչև 7 կգ (55х40х20սմ), մեկ մինչև 3 կգ (35x20x10սմ) իր և մինչև 23 կգ 1 (մեկ) կտոր ուղեբեռ (գումարային՝ 158սմ)։ Լրացուցիչ ուղեբեռը վճարովի է (վճարվում է «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում):

«Թռիչքը կատարվելու է «Բորիսպոլ» օդանավակայանի F տերմինալից, ուղևորներին խնդրում ենք լինել օդանավակայանում թռիչքից առնվազն 2 ժամ առաջ»,- հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

Հայաստան վերադարձած ուղևորները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Comment here