«Այս պահին 14 փողոց փակված է մեր քաղաքացիների կողմից, 5-10 հոգով դուք էլ դուրս եկեք փողոց՝ կաթվածահար արեք երթևեկությունը», հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով բազմաթիվ այլ քաղաքացիների հետ գիշերել է Ֆրանսիայի հրապարակում։
«Այսօր մայրաքաղաքի տարբեր հատվածներում դադարեցնելու ենք երթևեկությունը, մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝ դուրս եկեք փողոց, որպեսզի հեռացնենք այս իշխանությանը, շտկենք մեր մեջքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը, ով կոչ արեց յուրաքանչյուրին իր ձևով դրսևորել իր բողոքի ակցիան։
Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ, այդ թվում՝ Սայաթ-Նովա պողոտան, Պուշկին-Մաշտոց խաչմերուկը:
Փակվել են նաև Խանջյան փողոցի թունելն ու Հաղթանակի կամուրջը, բայց իրավապահները հեռացրել են ցուցարարներին ու վերականգնել երթևեկությունը։
Կան բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։
Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։
Լուսանկարը՝ Հասմիկ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից