ԳլխավորԽճանկար

Ապշեցի` տեսնելով Հայաստանի գեղեցկությունը. հնդիկ ուսանողուհի

Ապագա նյարդաբան Ռադհիկա Ռաթին հպարտ է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ ընտանիքի մի մասնիկն է, գրում է ԵՊԲՀ կայքը:

23-ամյա հնդկուհին Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է: Ծնվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում:

«Կենսուրախ և արկածախնդիր մարդ եմ, փորձում եմ ուրախություն գտնել նույնիսկ ամենաչնչին բաներում: Կյանքում առաջնորդվում եմ հույն մեծ փիլիսոփա Արիստոտելի ուսմունքով, որի համաձայն՝ «Հույսը արթուն երազ է»: Սիրում եմ ճանապարհորդել, բայց համավարակի ընթացքում մի նոր բան հայտնաբերեցի՝ սեր դեպի խոհանոցը», — պատմում է Ռադհիկան:

Հնդիկ ուսանողուհին անցկացնում է ազատ ժամանակը՝ բժշկության և տեխնոլոգիաների ոլորտում կատարված հետազոտություններ կարդալով: Սիրում է նաև ինքնակենսագրական ֆիլմեր դիտել:

«Իմ մանկության երազանքն է եղել դառնալ բժիշկ: Երբեք չեմ կարողացել տեսնել այլ մարդկանց տառապանքները, ուստի որոշեցի, որ ուրիշի ցավը մեղմացնելու համար առողջապահությունից ավելի լավ մասնագիտություն չկա», — ընդգծում է Ռադհիկան:

Դասընկերուհին արդեն սովորում էր ԵՊԲՀ-ում, և հենց նրա միջոցով ապագա բժիշկն իմացավ հայկական բժշկական դարբնոցի մասին: «Ապշեցի` տեսնելով Հայաստանի գեղեցկությունը: Եվ հպարտ եմ, որ 100-ամյա բժշկական համալսարանի մի մասն եմ», — խոստովանում է Ռադհիկան:

Անկեղծանում է, որ իրեն միշտ հետաքրքրել է, թե ինչպես է 1.5 կգ քաշ ունեցող փոքր օրգանը՝ ուղեղը, միավորում մեր ամբողջ օրգանիզմը: «Հետևաբար՝  իմ հետաքրքրության ոլորտը նյարդաբանությունն է», — ասում է Ռադհիկան:

Բժշկի համար, նրա կարծիքով, շատ կարևոր է լինել բարի և համբերատար: «Կարծում եմ՝ հետևողականությունը լավ բժիշկ լինելու, ինչպես նաև հաջող կարիերա ունենալու բանալին է: Իսկ մենք՝ որպես ապագա բժիշկներ, պետք է միշտ գիտելիքի քաղց զգանք», — ավելացնում է Ռադհիկա Ռաթին:

Comment here