ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ո՞ր ոլորտների ուսանողները կկարողանան օգտվել վարձերի եկամտահարկով փոխհատուցումից․ ներկայացնում է նախարարը

Մոտ երկու ամիս առաջ ընդունվեց օրենք, համաձայն որի, կառավարության կողմից սահմանվող մասնագիտությունների համար, աշխատող եւ միաժամանակ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող ուսանողները կարող են իրենց եկամտահարկը փոխանցել ուսման վարձավճարին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Արդեն մոտենում են ընդունելության քննությունները մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում, երիտասարդներն անհամբեր սպասում են՝ արդյոք նախարարությունն արդեն սահմանել է այն մասնագիտությունները, որոնց ուղղությամբ ուսանողները կարող են օգտվել օրենքի այս հնարավորությունից»։

Լիլիթ Մակունցի հարցին անդրադառնալով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունանը նշեց, որ կառավարության որոշման նախագիծն արդեն շրջանառվում է։

«Արդեն ունենք որոշակի մասնագիտությունների խմբեր, որոնք սահմանել ենք, բայց կցանկանայինք դրանք չբարձրաձայնել այս պահին, որպեսզի մենք կարծիքները գերատեսչություններից էլ ստանանք եւ վերջնական հրապարակենք։

Կարծում եմ՝ կմնանք այն ժամանակացույցի շրջանակում, որը սահմանվել է, բայց ուզում եմ մի քանի տեղեկություն այնուամենայնիվ բացել. (օրենքը կգործի) հետեւյալ խմբերի համար՝  հայագիտություն եւ տարածաշրջանային պետությունների 11 մասնագիտություն, արվեստի 11 մասնագիտություն, արդյունաբերություն եւ շինարարություն՝ 7 մասնագիտություն, մանկավարժություն՝ 5 մասնագիտություն, սոցիալական ոլորտի 5 մասնագիտություն, գյուղատնտեսական ոլորտի 4 մասնագիտություն, ընդհանուր առմամբ 84 մասնագիտություն, բայց այս թիվը վերջնական չէ»։

Հիշեցնենք, որ կառավարության որոշումն ընդունվել էր մարտի 6-ին։

 

Comment here