ԳլխավորԼուր

Աջակցության ծրագիրը պետք է թիրախավորի ուսանողների սոցիալական խնդիրները, այլ ոչ թե նրանց առաջադիմությունը. Դ. Ափոյան

Ուսման վարձի փոխհատուցում

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք:

Նախ, ես ուրախ եմ, որ ԵՊՀ ՈւԽ-ի նախաձեռնությունը տեղ է հասել: Սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք՝ ուսանողներս, ունակ ենք արդունավետ ինքնակազմակերպվելու: Ուստի մեր կողմից դրված նվազագույն նպատակին հասել ենք. խնդիրը գործադիրի օրակարգում է:

Սակայն ոչ պակաս կարևոր է նաև աջակցության ձևը և բովանդակությունը: Եթե փորձեմ վերաձևակերպել սրա շուրջ մոտեցումները, ապա կասեմ հետևյալը.

1. Աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը

Հերթական թվով աջակցության ծրագիրը չպետք է մշակվի «ցույց տալու համար», այլ պետք է մշակվի կոնկրետ խնդիր լուծելու համար: Սխալ թիրախավորված և խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում: Ավելին, անարդարությայն մթնոլորտ է ստեղծում: Աջակցությունը պետք է լինի առավելագույնս արդյունավետ և թիրախային: Այսինքն՝ աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

2. Չկրկնել 14-րդ ծրագրի սխալները

Աջակցության ծրագիրը պետք է թիրախավորի ուսանողների սոցիալական խնդիրները, այլ ոչ թե նրանց առաջադիմությունը: Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին, քանի որ նրանց հեռակա լինելու պատճառը հաճախ այն է, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել, ուստի համեմատաբար խոցելի են: Եվ այսպես շարունակ…

3. Քննարկել շահառուների հետ

Լավ ծրագիր կազմելը դժվար գործ է, եթե չկա շահառուների հետ քննարկում: Լավ որոշումներ չեն կարող կայացվել փակ և տեղեկատվական առումով «չօդափոխվող» սենյակներում: Սա դասագրքային կանոն է: Ուստի բոլոր շահառուների հետ համագործակցությունը միայն օգտակար է լինելու, այդ թվում՝ ուսանողների:

Ես լիահույս եմ, որ որևէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնալու բուհից: Դա մեր պարտականությունն է՝ որպես հասարակություն և պետություն»,-նշված է գրառման մեջ:

Comment here