ԳլխավորԼուր

Սա ոչ այնքան ընտրություն էր, որքան՝ նշանակում. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Պարետատան որոշումներն իհարկե պետք է հարգել եւ կատարել, հատկապես եթե դրանք տրամաբանության սահմաններում են։ Usanogh.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն էր իրական պատճառը՝ Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստին լրագրողներին ներս չթողնելու համար։ Ըստ Ափոյանի՝ ցանկության դեպքում, այնուամենայնիվ, կարելի էր ինչ-որ տարբերակ գտնել՝ որոշումները չխախտելով՝ լրագրողներին իրենց պարտականությունները կատարելուց չզրկելու համար։

Խոսելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի բուն ընտրության մասին՝ ԵՊՀ ուսխորհրդի նախագահը կարծիք հայտնեց, որ սա ոչ այնքան ընտրություն էր, որքան՝ կառավարության կողմից նշանակում, եթե հաշվի առնենք, որ Գեւորգ Մուրադյանի թեկնածության օգտին ներկա գտնվող 29 մարդուց քվեարկել են մեծամասամբ (18-ից 16-ը) կառավարության կողմից հոգաբարձու նշանակվածները։

Գեւորգ Մուրադյանի պաշտոնավարումը օգտակար չի լինի համալսարանի համար, կարծում է Դ. Ափոյանը նշելով, որ 2019-ի հունվարի 22-ից նա արդեն եղել է այդ պաշտոնում եւ իր գործողություններով ոչ միայն չի ելել ԵՊՀ-ի շահերից, այլեւ հասել է նրան, որ բուհը ներքաշվել է մոտ 2 տասնյակ դատական գործերի մեջ։

Ուսխորհրդի նախագահը համակարծիք է հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանի այն կարծիքի հետ, որ Գ. Մուրադյանի թեկնածության առաջադրումը կատարվել է խախտումներով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ Մ. Սողոմոնյանը պատրաստվում է դատարան դիմել՝ իր ճշմարտացիությունն ապացուցելու համար։

usanogh.am

 

Comment here