ԳլխավորԼուր

ԵՊՀ տարածքում ուսանողուհուն կողոպտելու փորձը բեմադրություն էր

Երեկ մի շարք լրատվամիջոցներ, առանց ճշտելու, տարածել են մի «լուր»-տեսանյութ՝ ինչպես են ԵՊՀ-ի տարածքում 3 հոգի փորձում կողոպտել ուսանողուհու, և այդ փորձը կանխում է ոմն սուպերմեն-մոտոցիկլիստ, իսկ քիչ հեռվում անտարբեր մեկը տեսանկարահանում է այդ ամենը։ Անգամ չիմանալով իսկությունը, մի քանի վայրկյանանոց կադրերը վերլուծելով՝ կարելի է հասկանալ, որ դա բեմադրություն է։

Այս մասին նշված է ԵՊՀ Հանրային կապերի և մարքեթինգի վարչության տարածած հաղորդագրության մեջ։

«Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որոնք քողազերծում են «փրկություն օպերացիան»:

Ինչպես տեսնում եք՝ տեսանյութի հերոսները նախ հավաքվում են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց (ի դեպ նրանք 10 հոգի են եղել, քանի որ հավելյալ ուժեր էին անհրաժեշտ՝ գուցե մոտոցիկլը շրջելու համար), որտեղից շարժվում են դեպի նկարահանման վայր։ Նրանց մոտենում է ԵՊՀ անվտանգության աշխատակիցը և արգելում մոտոցիկլով մուտք գործել ԵՊՀ տարածք։ Այնուհետև ստեղծագործական թիմը ստանում է թույլտվություն՝ ասելով, որ իրենք «Շարմ հոլդինգի» դերասաններ են և պետք է կարճ հոլովակ նկարահանեն։ «Արդյունքը» արդեն շատերդ տեսել եք։

Թե ի՞նչ միտումով է կատարվել այս ամենը, չենք կարող ասել, սակայն փաստ է, որ լրատվական ռեսուրսներից և ոչ մեկը չի դիմել մեզ` ճշմարտությունն իմանալու համար: Դե իսկ բուն նպատակը կարող են ներկայացնել միայն մտահղացման հեղինակները»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ երեկ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էր տարածվել, թե ապրիլի 1-ին, ժամը 08։25-ի սահմաններում ինքնությունները չպարզված 3 անձ ԵՊՀ-ի տարածքում փորձել են կողոպտել նույն բուհի ուսանողուհի Պ․Հ․-ին, սակայն այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել անծանոթ մոտոցիկլիստ, որը փախուստի է մատնել կողոպտիչներին։