ԱրցախԳլխավորԼուր

Գորիսի 2 դպրոցում Արցախից տեղահանված ավելի քան 50 աշակերտ է սովորում

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնք հոկտեմբերի 6-ին կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորման և աջակցման աշխատանքներում ներգրավված դպրոցների ղեկավարների, մանկավարժների ու աշակերտների հետ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Անհատապես յուրաքանչյուրիդ սրտանց ու խորին շնորհակալություն եմ հայտնում այն անձնվեր, սրտացավ աշխատանքի համար, որ կատարել եք: Այս օրերին հեշտ չի եղել ոչ մեկիս համար, բայց գիտեմ, որ ձեզ համար առանձնակի բարդ է եղել, քանի որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց ծանր հույզերը առաջինը սփոփել են ձեզնով: Շատերդ ժամանակ չեք ունեցել մտածելու սեփական զգացողությունների մասին, այլ առաջին հերթին զբաղվել եք հայրենիքը, տունն ու տեղը կորցրած մարդկանց օգնելով: Մեր հայրենակիցներն այստեղ են հասել տասը ամսվա շրջափակումից, սարսափներից ու զրկանքներից հետո և շատ կարևոր էր, որ Հայաստանում առաջինը հանդիպել են գորիսեցիների հոգատարությանն ու աջակցությանը»,- Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ԿԳՄՍ նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գորիսի դպրոցներից մեկում

Ընդգծելով, որ այդ օրերին Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերածվել էր տեղահանվածների ընդունման կայանի՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է մեծածավալ աշխատանքը, որ այդ օրերին արվել է տեղի կրթական և մշակութային համակարգի ներուժով.

«Գիտեմ, որ դպրոցների գրեթե բոլոր աշակերտները, ուսուցիչները, տնօրեններն ու մյուս աշխատողները ներգրավված են եղել կամավորական աշխատանքներում: Ունենք դպրոց, որտեղ ապահովվել է մեր հայրենակիցների գիշերակացը, մեկ այլ դպրոց ծառայում էր որպես պահեստ: Այս օրերին մենք տեսել ենք, թե ինչպես է կրթական համակարգը պետության համար հավելյալ խնդիրներ լուծում, որը շատ կարևոր է որպես փաստ և արժանի է մեծ գնահատանքի: Բոլորդ առանձին-առանձին շատ մեծ աշխատանք եք կատարել, ինչի համար շնորհակալ եմ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին և թե՛ կրթական հաստատություններին»,- շեշտել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ աշխատանքները դեռ ավարտված չեն:

Նախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերն արդեն հաստատվել են Սյունիքի մարզում և առաջիկայում մեծ աշխատանքներ պետք է տարվեն՝ երեխաներին պարտադիր կրթության մեջ ընդգրկելու ուղղությամբ .

«Շատ մեծ գործ եք արել ու շարունակելու եք անել՝ երեխաների ինտեգրումը սահուն կազմակերպելու, ջերմություն ու հոգատարություն տալու առումով: Ցավոք, մեր դժվար օրերը չեն անցել, բայց դուք այս օրերին ցույց տվեցիք, որ մենք որպես մեկ միասնական թիմ, մեկ միասնական հասարակություն ու պետություն կարողանում ենք դիմակայել այսպիսի ճգնաժամային իրավիճակներին»:

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հաջորդիվ Գորիսի պետական դրամատիկական թատրոն այցելելու առիթը միայն պրեմիերաների ու ներկայացումների դիտումները կլինեն:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև թատրոնի ողջ անձնակազմին՝ աջակցման աշխատանքներում իրենց մեծ ներդրումն ունենալու համար:

Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը եղել է նաև Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցներում: ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նշված դպրոցներ հաճախող ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտներին, զրուցել նրանց հետ: Նախարարը հույս է հայտնել, որ սրտացավ մանկավարժների ու սովորողների շնորհիվ երեխաներն արագ կինտեգրվեն նոր միջավայրին, ձեռք կբերեն ընկերներ: Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 50 աշակերտ է ընդգրկվել: Նրանք բոլորն էլ ստացել են անվճար դասագրքեր, գրենական պիտույքներ:

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գորիսի դպրոցներից մեկում

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում

Աշակերտները Գորիսի դպրոցներից մեկում