ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարակարգ ստացած մանկավարժների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների՝ արվեստի և երաժշտական դպրոցների, մարզադպրոցների մանկավարժների հետ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորմանը և դրական արդյունք են գրանցել, հայտնում են նախարարությունից։
Նախարարը ողջունել է մանկավարժներին և շնորհավորել մասնագիտական զարգացման ծրագրերին հաջող մասնակցության համար:
«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հավելավճարի տրամադրման ծրագրեր նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար: Նախադպրոցական հաստատությունների համար ծրագիրն իրականացվել է տարակարգի շնորհման միջոցով: 2023 թվականը մեկնարկային տարին էր, և շատ ուրախ եմ, որ ունենք մանկավարժներ, որոնք դիմել են և գրանցել հաջողված արդյունքներ: Ակնկալում ենք՝ կդիմեք նաև տարակարգի ավելի բարձր աստիճաններ ստանալու համար, և ձեր օրինակը խրախուսիչ կլինի համակարգում աշխատող ձեր գործընկերների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի ընդգծմամբ՝ նախորդ տարին մեկնարկային էր նաև մարզադպրոցների և արվեստի դպրոցների մանկավարժների համար. նրանք հնարավորություն ստացան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին և պետության կողմից ստանալ հավելավճար: Նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մարզաձևերի 4 և արվեստի 3 ուղղությունների փոխարեն այս տարի էապես ընդլայնվել են արտաուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորման բնագավառները՝ ընդգրկելով 19 ուղղություն:
«Շնորհակալություն բոլորիդ առաջինը լինելու համարձակության համար, քանի որ առաջին անգամ մասնակցելը բարդ է, լի է անորոշությամբ ու մտավախությամբ. դիմել, թե՞ սպասել և ուրիշի փորձով հասկանալ՝ ինչպես է աշխատում ծրագիրը: Այս քայլով դուք ոչ միայն գրանցել եք ձեր անձնական հաջողությունն ու մասնագիտական զարգացման առաջընթացը, այլև մեզ օգնել եք գործարկել և զարգացնել այս կարևոր ծրագիրը: Դուք նաև լավ օրինակ եք ոլորտում աշխատող մյուս մասնագետների համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ նրանց փորձն ու հաջողությունը վարակիչ կլինեն մյուս մանկավարժների համար:
Նախարարի առաջարկությամբ մանկավարժները կիսվել են գործընթացի վերաբերյալ իրենց կարծիքներով, տպավորություններով, մտահոգություններով ու ներկայացրել իրենց առաջարկները: Դրանք մասնավորապես վերաբերել են վարձատրման ձևաչափին, թեստերի բովանդակությանը, մասնագիտական գրականության տրամադրման ժամկետներին, սահմանված դրույքաչափերին և այլն:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դիտարկումների համար և նշել, որ առաջիկա փոփոխություններում անպայման դրանք հաշվի կառնվեն: