ԳլխավորԼուր

Վազգեն Մանուկյանը հանդիպում է պահանջում արտգործնախարարի, ԱԱԾ տնօրենի, գլխավոր շտաբի պետի հետ

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։​​

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին,
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին

Հարգելի՛ պարոնայք,

Մեր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։ Ունեցել ենք մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ։ Մեր ինքնիշխանությունը նվազել է։ Խարխլված է Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգը։ Զիջումներն ու կորուստները շարունակվում են պարտված վարչապետի կասկածելի և հակապետական որոշումների պատճառով։ Մեր հանրությունն անտեղյակ է, թե նա ում հետ և ինչ է պայմանավորվել: Հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: Իրավիճակը պայթյունավտանգ է, հղի անկանխատեսելի զարգացումներով։

Դուք ի պաշտոնե պատասխանատվություն եք կրում բոլոր ընդունված, ընդունվելիք որոշումների համար և պարտավոր եք ներկայացնել իրականությունը հանրությանը։ Անհրաժեշտության պարագայում պարտավոր եք կանխել հակապետական որոշումների ընդունումը՝ պաշտպանելով պետության և ժողովրդի շահերը։

Դիմում ենք Ձեզ՝ պահանջելով հունվարի 9-ին հանդիպում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ:

Ակնկալում ենք Ձեր պարզաբանումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Կանխավ շնորհակալ եմ։

Վազգեն Մանուկյան
Հայրենիքի փրկության շարժում​​
08.01.2021թ.

Հունվարի 8-ին տեղի է ունեցել նաեւ Հայրենիքի փրկության շարժման խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։

Քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։

Քննարկվել և վերլուծվել է Շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։

Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը։

Comment here