ԳլխավորԿրթությունՀեռավար կրթություն

Հեռավար կրթության խնդիրները Ռուսաստանում` ինքնամեկուսացման օրերին

Ռուսաստանում ուսուցիչները, դպրոցականներն ու նրանց ծնողները, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հեռավար դասավանդման անցնելուց հետո բողոքում են տեխնիկական խնդիրներից, սարքավորումների եւ ուսուցիչների անպատրաստ լինելուց։ Առաջադեմ կրթության ինստիտուտի հետազոտության տվյալները ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Հեռավար դասավանդման անցնելու առաջարկը կրթության նախարարությունից ստացվել է մարտի 14-ին, իսկ մարտի 23-ից մինչե ապրիլի 12-ը հայտարարվեց դպրոցական արձակուրդների մասին։ Այդ ժամանակը կրթական ոլորտի պատասխանատուները պետք է օգտագործեին՝ ուսուցիչներին եւ ծնողներին հեռավար ուսուցման վերաբերյալ մեթոդական օգնություն ցուցաբերելու համար։

Առաջադեմ կրթության ինստիտուտի աշխատակիցները փորձել են պարզել փոփոխությունների առաջին փուլի վերաբերյալ համացանցային հասարակության կարծիքը։ Հավաքվել եւ համակարգվել են ուսուցիչների, աշակերտների եւ նրանց ծնողների բողոքները, ուսումնասիրվել են հիմնական հարցումները Яндекс, Google, Рамблер եւ Mail.ru որոնողական համակարգերում, մոնիտորինգի են ենթարկվել Ռուսաստանում հանրաճանաչ սոցիալական ցանցերը (ВКонтакте, Одноклассники, Facebook

Միայն 2 օրում՝ մարտի 23-25-ը, սոցիալական ցանցերում արձանագրվել է ավելի քան 18 հազար գրառում, որոնց հեղինակները դժգոհել են հեռավար դասավանդման ներդրումից։ Փորձագետները դասակարգել են դժգոհությունների մի քանի հիմնական խումբ։

Առյուծի բաժինը վերաբերում է կապի տեխնիկական ընդհատումներին. ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանում ապահովել օգտատերերի պահանջարկի կտրուկ աճը։ Խափանումներ են գրանցվել նույնիսկ այնպիսի կարեւոր հարթակներում, ինչպիսիք են «Էլեկտրոնային դպրոցը» կամ «Էլեկտրոնային օրագիրը»։

Մեկնաբանությունների ավելի քան 25 տոկոսը ուսուցիչների՝ թվային տեխնոլոգիաների տիրապետման վերաբերյալ է։ Նշվում է, որ հեռավար դասավանդման մեթոդաբանության բացակայության պայմաններում այն վերածվում է պարզ ինքնակրթության։

Շատ ուսուցիչներ ընդամենը սոցցանցերում տեղադրում են տնային հանձնարարությունները, որոնք կատարելու համար աշակերտները ստիպված են լինում հավելյալ դասեր ստանալ մասնագիտացված օնլայն հարթակներում։

Դժգոհությունների 5.5 տոկոսը վերաբերվում է աշակերտների եւ ուսուցիչների ծանրաբեռնվածության աճին։ Ծնողները բողոքում են տնային աշխատանքների ծավալի աճից, իսկ ուսուցիչները ստիպված են բացի հիմնական պարապմունքներից, որոնք ամեն տեղ չէ, որ դադարեցվել են, լրացուցիչ պատրաստվել նաեւ հեռավար դասերին։

Խնդիրների շարքում է նաեւ կայուն եւ արագ ինտերնետ կապի բացակայությունը բնակարաններում՝ հեռավար դասերին մասնակցելու համար։ Իսկ եթե հեռավար են աշխատում նաեւ ծնողները կամ ընտանիքում մի քանի սովորող կա, տեխնիկան պարզապես չի բավականացնում, նշում են ուսումնասիրության հեղինակները։ Ռիսկային գոտում են հատկապես բազմազավակ եւ անապահով ընտանիքները։

Ի դեպ, Առաջադեմ կրթության ինստիտուտը, որը հասարակական կազմակերպություն է,  ուսուցիչներին օգնելու համար գործարկել է արագընթված դասընթացներ։

usanogh.am

Տես նաեւ «Ուսումնական խնդիրներն ԱՄՆ-ում՝ ինքնամեկուսացման օրերին. The New York Times» եւ «Հեռավար կրթության խնդիրները Հայաստանում»։

Comment here