ԳլխավորԼուրԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Հայաստանից 270 դիմորդ կկարողանա 2024-2025 ուստարում անվճար կրթություն ստանալ Ռուսաստանում

Ուսանողները Ռուսաստանում

Հայաստանից 270 դիմորդ կկարողանա 2024-2025 ուսումնական տարում անվճար կրթություն ստանալու Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության (Հայաստանում Ռուսական տուն) ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան։

Ծրագիրն անվճար ուսուցման հնարավորություն է ընձեռում Ռուսաստանի լավագույն բուհերում, ինչպես նաև Հայաստանում` Հայ–Ռուսական համալսարանում։ Ծրագրում ներառված չեն միայն Մոսկվայի պետական համալսարանն ու Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ)։

Շամսուտդինովան նշեց, որ բոլոր ուսանողները հանրակացարան և կրթաթոշակ (որը առաջադիմությունից կախված կավելանա կամ կկրճատվի) են ստանում։

«Հայտերի ընդունումը պետք է ավարտվեր նոյեմբերի 1-ին, սակայն մենք որոշեցինք երկարացնել ժամկետը մինչև դեկտեմբերի 1-ը։ Ժամանակ կա, բայց խորհուրդ ենք տալիս չհապաղել։ Եկեք կոնսուլտացիաների և լրացրեք հայտերը», – ասաց ծրագրի համակարգողը։

Ի դեպ, ծրագրում ներառված է ոչ միայն բարձրագույն, այլև միջին և լրացուցիչ մասնագիտական կրթությունը։ Այսինքն` 9-րդ դասարանի աշակերտներն արդեն կարող են հայտ ներկայացնել, որպեսզի հաջորդ տարի շարունակեն ուսումը ՌԴ–ում։ Ընդ որում` կարող են դիմել ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլև Արցախից բռնի տեղահանվածները։

Նախագծի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է հետևել Երևանում Ռուսական տան` սոցցանցերում գործող պաշտոնական էջերում։