Սփյուռքից հայաստանյան բուհերում սովորելու համար հայտ է ներկայացրել 228 դիմորդ, որոնք հիմնականում դիմել են բակալավրի կրթական աստիճանի համար: Ընդունելությունը շարունակվում է, հայտերի ընդունումը բաց կլինի մինչև օգոստոսի 23-ը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և Սփյուռքի վարչության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը՝ նշելով, որ ընդունելությունը իրականացվում է ոչ միայն բակալավրիատի, այլ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի աստիճանների համար:
«Այս տարի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 15-ից, իսկ վերջնաժամկետը օգոստոսի 23-ն է: Քննությունները, որոնք սփյուռքի դիմորդների համար անցկացվում են պարզեցված կարգով, լինելու են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: Կրթական հաստատություններում ձևավորվելու են հանձնաժողովներ, որտեղ իրականացնելու են գիտելիքների ստուգում, և, երբ դիմորդը հաղթահարում է դրական շեմը, հրամանագրվում և հնարավորություն է ստանում սովորել Հայաստանում իր նախընտրելի թե՛ մասնավոր, թե՛ պետական, թե՛ միջազգային բուհերում»,- նշեց Կարեն Մնացականյանը:
Խոսելով առհասարակ սփյուռքից դիմորդների քանակից՝ նա ընդգծեց, որ 2023-թվականին ունեցել են 1000 և ավելի սփյուռքահայ դիմորդներ:
Մնացականյանը նշեց՝ դիմորդները հիմնականում Ջավախքից և Ռուսաստանի Դաշնությունից են:
Խոսելով սփյուռքի ուսանողների կողմից ամենապահանջված մասնագիտություններից՝ նա ասաց, որ վերջին տարիներին առավել շատ դիմում են բժշկական մասնագիտությունների համար․ դիմում են նաև տնտեսագիտական, ծրագրավորման և տեխնիկական մասնագիտացումների համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։