ԳլխավորՄի կտոր գիրք

Ֆրանց Կաֆկա. «Դատավարություն»

Հրեական ծագմամբ գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկայի (3.07.1883-3.06.1924) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Դատավարություն» ստեղծագործությունից։

***

Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ-ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։

Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։

Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ-ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։

Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ-ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս ընկներների, գիտակցաբար, առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, անզգույշ էր գործել և այդ պատճառով, ի վերջո, տուժել էր։ Այդ հին պատմություններն այս անգամ այլևս չպետք է կրկնվեին, ու եթե սա կատակերգություն էր, ապա ինքը կուզենար մասնակցել դրան։ Առայժմ ինքն ազատ էր դեռ։

― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։

― Խելամիտ մարդ է երևում։― Լսեց նա իր թիկունքում։

Սենյակում Կ-ն դուրս քաշեց գրասեղանի դարակը, ուր ամեն ինչ կանոնավոր կերպով դասավորված էր, սակայն հուզմունքը նրան թույլ չէր տալիս այդ պահին գտնել իր անձի իսկությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Ի վերջո նա գտավ վարորդական իրավունքը, ուզեց վերցնել ու գնալ պահակների մոտ, սակայն փաստաթուղթը նրան պակաս կարևոր թվաց, և նա շարունակեց փնտրել, մինչև գտավ ծննդյան վկայականը։ Երբ նորից կողասենյակ վերադարձավ, նույն պահին բացվեց դիմացի դուռը, և ֆրաու Գրուբախը ուզեց ներս գալ։ Նա միայն մի պահ երևաց, որովհետև հազիվ էր Կ-ին նկատել, մտահոգ տեսքով ներողություն խնդրեց, անհետացավ ու շատ զգույշ փակեց դուռը։

― Ներս եկեք։― Դեռ կարող էր ասել Կ-ն, սակայն փաստաթղթերը ձեռքին նա կանգնել էր սենյակի մեջտեղում, նայում էր դռան կողմը (դուռն այլևս չբացվեց) և սթափվեց միայն պատուհանի մոտ փոքր սեղանի շուրջ նստած պահակների ձայնից։ Կ-ն նկատեց, որ նրանք իր նախաճաշն են խփշտում։

― Ինչո՞ւ ներս չեկավ,― հարցեց Կ-ն։

― Չի կարելի,― ասաց մարմնեղ պահակը։― Դուք, ախր, ձերբակալված եք։

― Ինչպե՞ս թե։ Եվ ա՞յս կերպ եմ ձերբակալված։

― Էլի սկսեցիք,― ասաց պահակն ու բուտերբրոդը թաթախեց մեղրամանի մեջ։― Նման հարցերին մենք չենք պատասխանում։

― Պարտավոր եք։ Ահա իմ փաստաթղթերը։ Այժմ ցույց տվեք ձեր փաստաթղթերը և, ամենից առաջ՝ ձերբակալման հրամանը։

― Տեր աստված,― բացականչեց պահակը։― Դուք, կարծես, չեք կարողանում հաշտվել Ձեր դրության հետ, և մեզ, որ Ձեր շրջապատի մարդկանցից ամենամոտն ենք հավանաբար, աշխատում եք իզուր տեղը ջղայնացնել։

― Այդպես է, հավատացեք ինձ։― Խոսեց Ֆրանցը և ձեռքին պահած սուրճի գավաթը ոչ թե շուրթերին մոտեցրեց, այլ երկար, հնարավոր է ինչ֊որ բան նշանակող, բայց անհասկանալի հայացքով նայեց Կ-ին։ Կ-ն, իր կամքից անկախ, հայացքներ փոխանակեց Ֆրանցի հետ, հետո, սակայն, ձեռքը խփեց իր թղթերին ու ասաց․

― Ահա իմ փաստաթղթերը։

― Մեզ ինչ,― արդեն բղավեց մարմնեղ պահակը։― Դուք երեխայից էլ վատ եք պահում Ձեզ։ Ի՞նչ եք ուզում։ Մեզ՝ պահակներիս հետ փաստաթղթերի ու ձերբակալման հրամանի մասին վիճաբանելով ցանկանում եք Ձեր անիծյալ, ծավալուն դատավարությունը արագ ավարտի՞ հասցնել։ Մենք ենթակա մարդիկ ենք, հազիվ ենք փաստաթղթերի սևը սպիտակից ջոկում և Ձեր գործում ուրիշ անելիք չունենք, քան օրվա մեջ տասը ժամ հսկելն ու դրա համար վարձատրվելը։ Այդ է մեր անելիքը, բայց նաև հասկանում ենք, որ վերադաս օրգանները (մենք նրանց ենք ծառայում), նախքան ձերբակալության որևէ հրաման տալը, մանրամասն տեղեկություններ են հավաքում ձերբակալման պատճառի և ձերբակալվող անձի մասին։ Այդ հարցում ոչ մի սխալ չկա։ Մեր գերատեսչությունը, ինչքան ես գիտեմ (իսկ ես միայն ստորին խավին եմ ճանաչում), ժողովրդի մեջ ոչ թե հանցանք է փնտրում, այլ, ինչպես օրենքում է գրված, գործում է հանցանքից դրդված, և պարտավոր է մեզ ուղարկել հսկելու։ Սա է օրենքը, և այստեղ ոչ մի սխալ չի կարող լինել։

― Ես այդ օրենքը չգիտեմ,― ասաց Կ-ն։

― Ավելի վատ Ձեզ համար։

***

Կ-ին հեռախոսով տեղյակ պահեցին, որ հաջորդ կիրակի օրը նրա գործով նախնական կարճատև քննություն է տեղի ունենալու։ Նրա ուշադրությունը հրավիրեցին այն բանի վրա, որ նախնական քննությունները եթե ոչ ամեն շաբաթ, ապա, թերևս, ավելի հաճախ, կանոնավոր կերպով իրար կհաջորդեն։ Դատավարությունը արագ վերջացնելը ձեռնտու է բոլորին, մյուս կողմից, սակայն, նախնական քննությունները պետք է բոլոր տեսանկյուններից հիմնովին լինեն, և երբեք չպետք է դրանցով պայմանավորված ջանքերը պատճառ դառնան դատավարության շատ երկար տևելուն։ Այդ իսկ պատճառով դատական մարմինները հանգել են այն եզրակացությանը, որ ելքը շուտ-շուտ իրար հաջորդող, բայց կարճատև քննություններն են։

Դրա համար կիրակի օրն են ընտրել, որ Կ-ի հիմնական գործին չխանգարեն։ Նախօրոք ենթադրել են, որ նա ևս կհամաձայնի։ Եթե հանկարծ Կ-ն ուրիշ օր ցանկանա, ապա հնարավորին չափ կընդառաջեն նրան։ Քննություններն, օրինակ, հնարավոր է նաև գիշերներն անցկացնել, բայց այդ ժամերին Կ֊ն երևի բավական առույգ չլինի։ Համենայնդեպս, քանի դեռ Կ-ն չի առարկում, դրանք տեղի կունենան կիրակի օրերին, ինքնին հասկանալի է, որ նա անպայման պետք է ներկայանա, այդ բանը նրան, ինչ խոսք, կարիք չկա հիշեցնել։ Հայտնեցին տան համարը, ուր նախնական քննություն էր կայանալու․ այն գտնվում էր հեռու, արվարձանային փողոցում։ Այդ կողմերում Կ-ն դեռ չէր եղել։

***

― Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ Դուք ամուսնացած եք։

― Դուք երևի վերջին նիստի ժամանակ կատարված դե՞պքն եք ակնարկում։ Ես ընդհատեցի Ձեր խոսքը։

― Իհարկե, արդեն եղել-անցել է և համարյա մոռացվել, սակայն անցած կիրակի դա ինձ կատաղության հասցրեց։ Իսկ հիմա ինքներդ եք ասում, թե ամուսնացած եք։

― Ի վնաս Ձեզ չէր, որ ընդհատեի։ Ձեր գնալուց հետո դեռ շատ ոչ նպաստավոր կարծիքներ էին հայտնում Ձեր մասին։

― Թեկուզ։ Սակայն դա չի արդարացնում Ձեզ։

― Ով ճանաչում է ինձ, արդարացնում է, իսկ նա, որ այն օրը գրկեց ինձ, արդեն երկար ժամանակ է հետապնդում ինձ։ Թեև ընդհանրապես ես գայթակղիչ չեմ, սակայն նրան այդպիսին եմ թվում։ Այստեղ արդեն պաշտպանվել հնարավոր չէ, ամուսինս էլ է համակերպվել դրա հետ․ եթե ուզում է իր տեղը պահպանել, պետք է համբերի, որովհետև այն մարդը ուսանող է, և ենթադրվում է, թե մեծ դիրքի կհասնի։ Նա շարունակ հետապնդում է ինձ։ Քիչ առաջ գնաց։ Նա գնաց, և Դուք եկաք։

― Ինձ չի զարմացնում։ Այստեղի համար դա շատ բնորոշ է բոլորին։

― Դուք երևի ուզում եք որոշ բանե՞ր բարեփոխել։― Կինը քննախույզ նայեց Կ-ին և այնպես դանդաղ հարցրեց, կարծես թե՛ Կ-ի, թե՛ իր համար վտանգավոր ինչ֊որ բանի մասին էր խոսում։― Ես Ձեր անցած շաբաթվա խոսքերից եզրակացրեցի․ անձամբ ինձ դրանք շատ դուր եկան։ Ես մի մասը լսեցի միայն։ Սկիզբը բաց էի թողել, իսկ վերջում ուսանողի հետ պառկած էի հատակին։ Այստեղ այնպես զզվելի է։― Որոշ ընդմիջումից հետո ավելացրեց նա ու բռնեց Կ-ի ձեռքը։― Դուք հավատո՞ւմ եք, որ Ձեզ կհաջողվի բարեփոխում մտցնել։― Կ-ն ժպտաց ու կնոջ փափուկ ափերի մեջ պտտեց ձեռքը։

― Ինչ խոսք, այստեղ, ինչպես Դուք արտահայտվեցիք, բարեփոխումների հասնելը իմ գործը չէ, և եթե, օրինակ, քննիչին նման բան ասեք, Ձեզ կամ կծաղրեն կամ էլ կպատժեն։ Եթե իմ կամքին թողնեին, ես, իհարկե, երբեք չէի խառնվի այս գործերին, և դատավարման վերափոխման անհրաժեշտությունը երբեք չէր խանգարի իմ քունը։ Բայց որ՝ ինձ իբր թե ձերբակալեցին․ ես հիմա ձերբակալված եմ, դրանով իսկ ստիպեցին, արդեն ի պաշտպանություն իմ սեփական անձի, ձեռնամուխ լինել։ Սակայն, եթե կարողանամ իմ նաև ինչ֊որ կերպ օգտակար լինել Ձեզ, ինչ խոսք, մեծ հաճույքով կանեմ ամեն ինչ։ Ոչ թե սոսկ մերձավորի հանդեպ ունեցած սիրուց, այլ նաև այն պատճառով, որ Դուք էլ կարող եք ինձ օգնել։

― Իսկ ինչպե՞ս եմ կարող։

― Ասենք, այն սեղանի վրայի գրքերը ցույց տալով։

― Ինչ խոսք։― Կինը նրան փութով տարավ իր հետևից։

Դրանք հին, ձեռքից ձեռք անցած գրքեր էին, մեկի կազմը մեջտեղում ճաքել էր, միայն մետաքսաթելերն էին պահում թերթերը։

― Ինչ կեղտոտ է այստեղ ամեն ինչ։― Գլուխն օրորելով ասաց Կ-ն, և կինը՝ նախքան Կ֊ն կհասցներ գրքերը ձեռքն առնել, գոգնոցով երեսանց սրբեց կազմի փոշին։ Կ-ն բացեց վերևի գիրքը, մի անվայել նկար երևաց․ մի տղամարդ ու կին մերկ նստել էին բազմոցին։ Նկարչի գռեհիկ մտադրությունը պարզ էր, բայց նրա անշնորհքությունն այնքան մեծ էր եղել, որ նրանց մարմինները նկարի մեջ չափից դուրս առանձնանում էին․ փայտացածի նման ձիգ նստել էին և, մարմնի սխալ կառուցման պատճառով, թվում էր, թե միայն ջանքերի գնով են իրար նայում։ Կ-ն չշարունակեց թերթելը, այլ բացեց հաջորդ գրքի կազմը։ Դրա վերնագիրն էր․ «Տանջանքներ, որ պետք է կրեր Գրետան իր ամուսին Հանսից»։

― Նման գրքե՞ր են ուսումնասիրում այստեղ, և այդ գրքերը կարդացած մարդի՞կ են դատելու ինձ։

― Ես կօգնեմ Ձեզ։ Ուզո՞ւմ եք,― հարցրեց կինը։

― Արդյոք իրականում կկարողանա՞ք առանց Ձեզ վտանգի ենթարկելու օգնել։ Ախր քիչ առաջ ասացիք, թե Ձեր ամուսինը կախման մեջ է իր վերադասներից։

― Այնուամենայնիվ, ուզում եմ օգնած լինել։ Եկեք քննարկենք։ Ինձ սպառնացող վտանգի մասին ոչ մի խոսք․ ես դրանից վախենում եմ, միայն երբ ուզում եմ։ Եկեք։― Կինը ցույց տվեց պատվանդանը և Կ-ին խնդրեց նստել իր կողքին։

― Գեղեցիկ, սև աչքեր ունեք։― Երբ նստել էին, ասաց կինը և նայեց Կ-ի դեմքն ի վեր։― Ասում են, թե իմ աչքերն ևս գեղեցիկ են, բայց Ձերն ավելի լավն են։ Ի դեպ, ես դա անմիջապես նկատեցի, երբ առաջին անգամ ներս մտաք։ Դուք էիք պատճառը, որ ավելի ուշ ներս մտա ժողովի սրահը։ Նման բան ես դեռ արած չկայի․ արգելված է։

«Այդ է որ կա,― մտածեց Կ-ն։― Իր մարմինն է առաջարկում։ Նա էլ է այստեղի բոլոր մարդկանց նման փչացած։ Ինքնին հասկանալի է․ արդեն կուշտ է պաշտոնյաներից և պատահած առաջին անծանոթին ողջունում է աչքերի մասին ասված հաճոյախոսությամբ»։

Comment here