Աֆղանստանից 82 ուսանողուհիների, որոնք բարձրագույն կրթություն ստանալու նպատակով «Թալիբանից» փախել են Օման, արտաքսման վտանգ է սպառնում, գրում է BBC-ն։
Նրանց կրթաթոշակը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից, դադարեցվել է Թրամփի վարչակազմի որոշման պատճառով:
«Մեզ ասացին, որ մեզ հետ կուղարկեն երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է ուսանողուհիներից մեկը։
«Եթե մենք վերադառնանք, մեզ լուրջ հետևանքներ են սպասվում… Մենք չենք կարողանա սովորել, իսկ մեր ընտանիքները կարող են ստիպել մեզ ամուսնանալ»,- հայտարարել է մեկ այլ ուսանողուհի:
Ծրագիրը, որով նրանք սովորում են, մեկնարկել է USAID-ի կողմից 2018 թվականին: Այն թույլ էր տալիս աֆղանստանցի կանանց վերապատրաստվել տեխնիկական մասնագիտությունների գծով մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում։
Ուսանողուհիները դիմել են համաշխարհային հանրությանն օգնության համար. նրանք խնդրում են ֆինանսական աջակցություն և «անվտանգ երկիր» տեղափոխվելու հնարավորություն, որտեղ նրանք կարող են շարունակել կրթությունը:
Աֆղանստանում 2022 թվականից աղջիկներին արգելվում է բարձրագույն կրթություն ստանալ։