ԳլխավորԼուր

Աֆղանստանում 1,1 միլիոն երեխաներ սովամահության եզրին են

Աֆղանացի երեխաներ

Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին, երկրի ավելի քան 1 միլիոն երեխաներ  սովամահության եզրին են: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցության հաղորդակցությունների բաժնի ղեկավար Սամանթա Մորթը:

«Այսօրվա դրությամբ պարենի անբավարարությանն է բախվում ամբողջ երկրի մոտավորապես 22,8 միլիոն բնակիչ: Իսկ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնությունն է, որտեղ ապրում է 38 միլիոն մարդ: Բազմաթիվ աֆղանցիների հասանելի չեն ոչ թանկ կամ սնուցիչ մթերքները: Այդ երեխաները մանկություն չունեն: Խոսքը ոչ միայն այն մասին է, թե ինչպես ողջ մնալ, այլեւ այն մասին, թե ինչպես ապրել մինչեւ հաջորդ օրը»,-հայտարարել Է Մորթը:

«Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում չափազանց անհանգստացած ենք ստեղծված իրադրության կապակցությամբ, քանի որ գիտենք, որ մոտավորապես 3,2 միլիոն երեխաներ տառապում են սուր թերասնումից, իսկ 1,1 միլիոն երեխաներ գտնվում են սովամահության եզրին: Նրանք ողջ չեն մնա, եթե մենք չկարողանանք ապահովել նրանց անհրաժեշտ բուժումը»,-նախազգուշացրել է Սամանթա Մորթը։