ԳլխավորԼուր

Երևանում ընթանում է ՀՅԴ-ի 131-ամյակին նվիրված հանդիսությունը

ՀՅԴ 131

Երևանում ընթանում է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը: Ներկա են Հայաստանի ու Արցախի նախագահներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անցած ճանապարհի մասին պատմող ֆիլմով: Ներկայացվեցին  կուսակցության գործունեության տարբեր շրջափուլերը՝ ազգային ազատագրական պայքարի կազմակերպում ու առաջնորդում, հայկական հարցի վրա եվրոպական երկրների ուշադրության սևեռում, հայ բնակչության ինքնապաշտպանություն, կամավոր բանակ և այլն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի խոսքով` տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել ՀՅԴ-ի օրը: Դա առիթ է արժևորելու անցած ճանապարհը, խոսելու բացթողումների, չարված գործերի մասին:

«Առիթ է նաև հանրայնացնելու Դաշնակցության մոտեցումները և տեսակետները առանցքային հարցի վերաբերյալ: 1890 թվականին հիմք դրվեց մի կազմակերպության, որին վճռորոշ դեր էր վիճարկվել կատարել հայ ժողովրդի պատմության մեջ: Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից:

Պայքարի ու նվիրումի անմնացորդ 131 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրության դատին»,-ասաց Իշխան Սաղաթելյանն՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը եղել է, կա և լինելու է այն ուժը, որը հավատարիմ է հային ու հողին:

«Հայ–թուրքական այսպես կոչված հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է թրքացման, պետք է կասեցվի։ Եվ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը։ Հայ ժողովրդին Ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթարով» փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին։ Չի ստացվելու, մոռացեք, թույլ չենք տալու»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանն անդրադարձավ նաև 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը` նշելով, որ այն թեև կայացած փաստ է, բայց ոչ դատավճիռ։

«Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները։ Կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը։ Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ պայմանագրի, որտեղ արտացոլված կլինեն մեր կենսական շահերը», -ասաց Սաղաթելյանը։