ԳլխավորԼուր

«Օլիմպիական» մարզիկներն անվճար բուժօգնություն կստանան

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության որոշման մեջ. հուլիսի 24-ից օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Այս ընթացքում ԿԳՄՍ նախարարության մասնագետներն ամենօրյա կապի մեջ են եղել Առողջապահության նախարարության հետ, մասնակցել են խորհրդակցություններին՝ հասկանալու, թե ինչ կարգի բուժօգնություն է պետք տրամադրել, որտեղ է պետք դա անել, և մարզիկներն ի վերջո ինչ անվճար օգնություն կարող են ստանալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց բարձրորակ բժշկական օգնության` ժամանակակից սպորտում արդյունքներ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. «Պետք է լավ բուժօգնություն լինի թե՛ վնասվածքների բուժման, թե՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստության և թե՛ հետազոտությունների համար, որպեսզի մարզիկները լինեն մրցունակ և լավ մարզավիճակում»:

Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական կազմակերպություններում, որտեղ Առողջապահության նախարարությունը տեղադրել է պետական պատվեր:

Մարզիկների ամբուլատոր բուժօգնությունը մինչ այս կազմակերպվում էր միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում գործող Սպորտային բժշկության բաժանմունքում։

Փոփոխության արդյունքում օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և նախատեսված ծառայությունների փաթեթի շրջանակում ստոմատոլոգիական ծառայություններից: