ԳլխավորՄի կտոր գիրք

«Ջեյն Էյր». Շառլոթ Բրոնտե

Անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեի (21.04.1816-31.03.1855) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատվածներ նրա ամենանշանավոր՝ «Ջեյն Էյր» ստեղծագործությունից։

***

-Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է խանդը, այնպես չէ՞, օրիո՛րդ Էյր: Իհարկե ո՛չ: Կարիք էլ չկա հարցնելու, որովհետև Դուք երբեք չեք զգացել, թե ինչ բան է սերը: Դուք այդ երկու զգացմունքները դեռ պետք է փորձեք: Ձեր հոգին քնած է: Հարկավոր է մի ցնցում, որ արթնանա: Դուք կարծում եք, որ Ձեր ամբողջ կյանքը հանգիստ առաջ կընթանա ճիշտ այն հոսանքի պես, որով մինչև այժմ սահել, անցել է Ձեր պատանեկությունը: Լող տալով Դուք կշարունակեք առաջ գնալ փակ աչքերով ու փակ ականջներով՝ առանց տեսնելու գետի մեջ բարձրացող մռայլ ժայռերը, առանց լսելու նրանց շուրջը եռացող հսկա ալիքները: Բայց ես Ձեզ ասում եմ, և ուշադրությո՛ւն դարձրեք իմ խոսքերին, կգա մի օր, երբ դեմ կառնեք ժայռոտ գետին, որտեղից կյանքի ամբողջ հոսանքը կփոխվի և կդառնա փրփրադեզ, շառաչող ու աղմկալից ջրապտույտ: Եվ կա՛մ Դուք կդիպչեք ժայռերին ու կջախջախվեք, կա՛մ մի որևէ հուսատու ալիք Ձեզ վեր կբարձրացնի, կտանի ու կնետի մի ավելի խաղաղ հորձանքի մեջ, ինչպես ինձ տարավ…

***

 Կյանքը շատ կարճ է, և մենք չպետք է ժամանակ կորցնենք թշնամություն սերմանելու կամ միմյանց սխալներն արձանագրելու: Մենք բոլորս էլ մեղքերով ծանրաբեռնված ենք այս աշխարհում, բայց շուտով կգա ժամանակ, երբ, հավատացած եմ, մեր մեղսապարտ մարմինը բեռնաթափ կլինի, երբ ստորությունն ու մեղքը մեր ծանրաբեռնված մարմնի հետ միասին կանհետանան, և կմնա միայն մաքուր հոգին՝ կյանքի ու մտածողության այդ անշոշափելի սկզբունքը, որով արարիչը կյանք ներշնչեց մարդ-արարածին: Նա որտեղից եկել է, այնտեղ էլ կվերադառնա, գուցե նորից կյանքի կոչելու մի ավելի բարձր էակ, քան մարդն է, գուցե անցնելով փառքի աստիճաններով՝ մարդկային գունատ հոգին հասնի սերովբեի պայծառությանը: Նա երբեք տառապանքների չի ենթարկվի, չի այլասերվի ու չի ընկնի սատանայի ձեռքը: Ոչ, չեմ կարող հավատալ դրան: Ես հետևում եմ մի ուրիշ դավանանքի, որը ոչ ոք ինձ չի սովորեցրել, որը ես միշտ չէ որ նշում եմ, բայց որի մեջ ես հաճույք եմ զգում և որին կառչում եմ, որովհետև նա հույս է տալիս բոլորին՝ հավիտենականությունը դարձնում է հանգստավետ վայր, մի հզոր հանգրվան, և ոչ թե սարսափի ու անդունդի կացարան: Բացի այդ, այդ դավանանքի միջոցով ես կարողանում եմ պարզորոշ կերպով տարբերել հանցագործին իր կատարած հանցանքից: Կարող եմ անկեղծորեն ներել առաջինը, իսկ վերջինս՝ ատել: Այս դավանանքով վրեժը երբեք չի մաշում իմ սիրտը, անկումը երբեք խորապես զզվանք չի առաջացնում իմ մեջ, անարդարությունը երբեք ինձ գետին չի տապալում: Ես ապրում եմ խաղաղության մեջ, սպասելով վախճանին:

***

Հայացքս թափառում էր մռայլ ճահճուտներում ու թփուտներում՝ անհետանալով վայրի տեսարանների խորության մեջ, երբ խավարի մեջ՝ հեռվում՝ ճահճուտների ու բլուրների արանքում, մի լույս ցոլաց։ ««Թափառող կրակ է»»,  անցավ մտքովս, և սպասում էի, որ շուտով կանհետանա։ Սակայն կրակը շարունակում էր վառվել հաստատուն լույսով. ո՛չ հեռանում էր և ո՛չ մոտենում։ «Մի՞թե դա խարույկ է, որը հենց նոր վառեցին», հարցրի ինքս ինձ։ Սկսեցի դիտել, տարածվո՞ւմ է, թե՞ ոչ. ո՜չ, ո՛չ պակասում էր և ո՛չ ծավալվում։ «Գուցե դա մո՞մ է մի տան մեջ, ենթադրեցի. եթե այդպես է, ապա ես երբեք չեմ հասնի դրան։ Չափազանց հեռու է և թեկուզ մի քանի քայլ հեռու լիներ, ի՞նչ օգուտ։ Դուռը կծեծեի միայն նրա համար, որ այն փակեին իմ առաջ»։

Եվ ես պառկեցի իմ նշած տեղում ու դեմքս դեմ արեցի գետնին։ Միառժամանակ պառկած էի անշարժ: Գիշերային քամին փչում, անցնում էր բլրի ու իմ վրայով և հառաչելով մեռնում հեռվում: Հորդառատ անձրև էր տեղում՝ թրջելով ինձ մինչև ոսկորներս: Եթե միայն կարողանայի անձնատուր լինել խաղաղ սառնամանիքին՝ այդ գթասիրտ մահվան անզգայությանը. թող այն ժամանակ անձրևը թափվեր ինձ վրա, ես ոչինչ չէի զգա, բայց դեռևս կենդանի մարմինս դողում էր ցրտից: Քիչ անց նորից ոտքի կանգնեցի:

Լույսը դեռ նույն տեղում էր: Անձրևի միջից փայլում էր աղոտ, բայց կայուն փայլով: Նորից փորձեցի քայլել: Դանդաղորեն քարշ էի տալիս խոնջացած մարմինս դեպի այդ լույսը: Առաջ էի գնում բլրի թեք լանջով և մեծ ճահճի միջով, որը ձմեռ ժամանակ անանցանելի կլիներ: Նույնիսկ հիմա՝ ամառվա ամենաթեժ պահին, ոտքերիս տակ ճլմփում էր, և ես շարունակ խրվում էի ջրերի մեջ: Այստեղ երկու անգամ ընկա, բայց վեր կացա և ուժերս հավաքեցի: Լույսը իմ միակ հույսն էր։

***

Մարդկային էակը պետք է մի որևէ բան սիրի: Եվ չունենալով սիրելու ավելի արժանի առարկա, ես հաճույք էի ստանում սիրելով ու փայփայելով մաշված մի կուռք, որն ավելի շատ նման էր քրքրված մի խրտվիլակի:

 

Comment here