ԳլխավորԼուր

Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի հայկական տաղավարում իրականացվել է կրթական ծրագիր

«Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիր Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում

Վենետիկի 60-րդ հոբելյանական արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համակազմակերպիչ և գլխավոր հովանավոր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն (ԳԱԿ) իրականացրել է «Հոգի-ձայն-պատկեր» խորագրով կրթական ծրագիրը։ Նման ձևաչափը Հայաստանի պաշտոնական տաղավարում առաջին անգամ է կիրառվել, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել չորս հանդիպում՝ շուրջ 60 ուսանողի և այլ այցելուների ներգրավմամբ՝ հեղինակավոր կրթամշակութային հաստատություններից, այդ թվում՝ Եվրոպական մշակութային ակադեմիայից (European Cultural Academy — ECA), Տրենտոյի (NEST College & Campus Trento) և Վենետիկի Կա Ֆոսկարի (Università Ca’ Foscari) համալսարաններից։

Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթացել են Հայաստանի ազգային տաղավարը ներկայացնող փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծին, որը երեք բաղադրիչ ունի` «Յոթ մահացու մեղքեր», «Արձագանք» և «Կատարելություն»։ Այնուհետ ստեղծագործական տարածքում մասնակիցները փորձ են արել ուսումնասիրելու ցուցադրության առանցքային մաս կազմող, Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ հնչող Մեսրոպ Մաշտոցի շարականների տեքստն ու երաժշտությունը։ Նրանց տրամադրվել են շարականների թարգմանած տեքստերն ու լատինատառ տառադարձումներով հատուկ թռուցիկներ՝ ծանոթանալու շարականների բովանդակությանը, որոնցից մի քանիսը տեղում նույնիսկ երգվել են:

Շարունակելով հոգևոր երաժշտության ունկնդրումը՝ մասնակիցները Նինա Խեմչյանի գնդաձև կավե քանդակների նմանությամբ շրջանաձև թղթերի վրա տարբեր նյութերի օգնությամբ փորձել են արտահայտել հնչող երաժշտությունից ստացած իրենց տպավորություններն ու զգացմունքները:

Կրթական ծրագրերն իրականացրել է ԳԱԿ կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը։ Ծրագրերին մասնակցում էին Հայաստանի ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը և արվեստագետը՝ Նինա Խեմչյանը։