ԳլխավորԼուր

Երևանի թիվ 42 ավագ դպրոցում բացվել է Տ. Շևչենկոյի հուշատախտակը

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մուտքի մոտ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ տեղադրվել է ուկրաինացի մեծանուն գրող, բանաստեղծ, նկարիչ, հասարակական և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի դիմապատկեր-հուշատախտակը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուկրաինայի սոցիալական հարցերի նախարար Մարինա Լազեբնայան, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսեյ Շկուրատովը, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Հուշատախտակի էսքիզն իրականացրել է ճարտարապետ Խաչատուր Ղլիջյանը:

Դպրոցի տնօրեն Է. Թումանյանը նշել է, որ հիմնադրման օրվանից` 1943 թվականից սկսած, դպրոցը կրում է Տարաս Շևչենկոյի անունը` ի նշան հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Այս տարիների ընթացքում դպրոցը դարձել է երկկողմ բարեկամության խորհրդանիշներից մեկը, ինչին նպաստել են նաև դեսպանատան ուշադրությունն ու սերտ համագործակցությունը: 2014 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված էր Շևչենկոյի տարի, որի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ դպրոցում բացվել է թանգարան` ի հիշատակ Շևչենկոյի արվեստի:

Հուշատախտակ-կիսանդրու բացումից հետո բարձրաստիճան հյուրերն այցելել են նաև թանգարան, ծանոթացել այնտեղ ներկայացված գրականությանը:

Նշենք, որ Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը հիմնանորոգվել է, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Շինարարությունն իրականացվում է պետական դպրոցաշինական ծրագրերի շրջանակում` ՀԲ վարկային ծրագրով:

Comment here