ԳլխավորԼուր

ԵՊՀ թիմը Նյուրնբերգում հաղթել է միջազգային դատախաղում. սա աննախադեպ արդյունք է

Նյուրնբերգի միջազգային քրեական իրավունքի 2023թ.-ի դատախաղում Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը մասնակից 100-ից ավելի թիմերի մեջ զբաղեցրել է 8-16-րդ հորիզանականը (բանավոր արդյունքներով` 10-րդ, գրավոր արդյունքներով` 1-ին): Մայր բուհը գրավոր և բանավոր արդյունքներով բավական բարվոք դիրքերում է հայտնվել: Թիմերից միայն 32-ին է հաջողվել մասնակցել, օրինակ, բանավոր դատավարություններին պատմական դատական դահլիճում:

ԵՊՀ-ն ներկայացրել են Մարիա Հովհաննիսյանը, Անահիտ Ալոյանը, Սանասար Գևորգյանը, Նորայր Բաղդասարյանը:

Նրանց մարզիչ, ԵՊՀ ասպիրանտ և Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության ամբիոնի դասախոս Լուսինե Հովհաննիսյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ ուսանողներն ուսումնասիրել են իրենց համար բոլորովին նոր ճյուղ` միջազգային հանրային իրավունք, մասնավորապես` մարդասիրական իրավունք, ծանոթացել են թե´ տեսական աղբյուրների, թե դատական նախադեպային պրակտիկայի, և այդ գործընթացը բավական բարդ է եղել.

«ԵՊՀ թիմերը միշտ պատվով են ներկայացել նման հարթակներում, բայց նման արդյունք` հաղթանակ միջազգային դատախաղում, հայկական որևէ թիմ նախկինում չի գրանցել: Այն ուսանողները, որոնք մասնակցում են նման միջոցառումների, կապեր են ձեռք բերում աշխարհի տարբեր ծայրերում, և հավանականություն կա, որ այդ ուսանողները տարիներ անց իրենց երկրներում կարևոր պաշտոններ կզբաղեցնեն, և այդ կապերը ի օգուտ իրենց երկրի կկիրառեն: Բացի այդ` շատ կարևոր է Արցախում տիրող իրավիճակի ֆոնին ունենալ երիտասարդ իրավաբաններ, որոնք շատ լավ տիրապետում են միջազգային քրեական իրավունքին: Սրանք այն մարդիկ են, որոնք հաջորդիվ պատրաստ են աշխատել Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատական պրոցեսների վրա»,-ասաց նա:

Մարզչի խոսքով` դատախաղին մասնակցած մեր ուսանողներն ունեն ծավալուն գիտելիքներ պատերազմական հանցագործությունների մասին և ունեն պատրաստակամություն կիրառելու դրանք:

Լուսինե Հովհաննիսյանը եզրափակում է` բավական ծավալուն աշխատանք է իրականացվել, և նման անհավանական արդյունքը նաև գիշեր-ցերեկ չքնելու արդյունք է:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ