ԳլխավորԼուր

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան:

Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ:

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով: