ԳլխավորԼուր

Հայաստանի պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի բարեփոխումների՝ ԱՄՀ օժանդակությամբ իրականացվող ծրագրի երկրորդ հերթական ստուգումն ավարտելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արժույթի միջազգային հիմնադրամը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանությունները դիմել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու խնդրանքով և Գործադիր խորհրդի կողմից հաստատվելու դեպքում՝ Խորհրդի նիստից անմիջապես հետո հասանելի կդառնա մոտավորապես 280 միլիոն դոլար:

«ԱՄՀ ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությունն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում և վարակի բռնկման գագաթնակետին կտրամադրի ռեսուրսներ` հրատապ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ինչպես այլ երկրներում, համաշխարհային ներկա ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսության (զարգացման-խմբ.) հեռանկարը առաջիկայում զգալիորեն թուլանալու է: Թեև կանխատեսումների անորոշությունը շատ բարձր է, քանի որ դժվար է կանխատեսել սահմանափակող միջոցառումների տևողությունը, 2020 թվականին սպասվում է -1.5 տոկոս տնտեսական աճ՝ հաշվի առնելով տեղաշարժման և գործունեության ներքին սահմանափակումները, արտաքին պահանջարկի զգալի նվազումը, ֆինանսական պայմանների խստացումը և համաշխարհային առևտրի և մատակարարման շղթաների խաթարումները»:

2020 թվականին սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կհասնի մինչև ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոս, իսկ կառավարության պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը։

Հիշեցնենք, որ  2020 թ.-ին ԱՄՀ-ն կանխատեսում է վերջին 100 տարվա տնտեսական ամենամեծ ճգնաժամը։

 

Comment here