ԳլխավորԼուր

Սպասվում է տնտեսական ամենամեծ ճգնաժամը՝ վերջին 100 տարում. ԱՄՀ

2020 թվականին համաշխարհային հանրությանը սպասվում է տնտեսական ամենամեծ անկումը Մեծ ճգնաժամից (սկիզբը՝ 1929 թ.-խմբ.) ի վեր, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կարգադրիչ Քրիստալինա Գեորգիեւան, ում ելույթը հրապարակվել է կազմակերպության կայքէջում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱՄՀ-ի ղեկավարի կարծիքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տնտեսությունը հարկադրված է առճակատվել մինչ օրս չտեսնված ճգնաժամի հետ։

«COVID-19-ը կայծակնային արագությամբ խարխլեց մեր հասարակական եւ տնտեսական կարգերը աննախադեպ մասշտաբներով»,-ասել է Գեւորգիեւան եւ հավելել, որ դեռեւս պարզ չէ, թե որքան խորն ու երկարատեւ կլինի այդ անկումը։

«Բայց արդեն այսօր պարզ է, որ համաշխարհային տնտեսության աճը 2020-ին կլինի խիստ բացասական… Մենք կանխատեսում ենք տնտեսական ամենախոշոր անկումը Մեծ ճգնաժամից ի վեր»,-ընդգծել է ԱՄՀ-ի տնօրենը։

Նրա կարծիքով՝ նոր ճգնաժամը սահմաններ չի ճանաչում, եւ դրանից կտուժեն թե′ զարգացած, թե′ զարգացող տնտեսություն ունեցող երկրները։

«Եթե կորոնավիրուսի պանդեմիան ավարտվի 2020-ի երկրորդ կեսին, ապա տնտեսության մասնակի վերականգնումը կսկսվի 2021 թվականից»,-ասել է Գեւորգիեւան եւ համախմբման կոչ արել.

«Հենց այդ ընդհանուր վտանգն է միավորում մեզ, որպեսզի օգտագործենք ամբողջ մարդկության ուժեղ կողմերը՝ համերաշխություն, քաջություն, ստեղծագործ միտք եւ վշտակցելու ունակություն։ Մենք դեռ չենք հասկանում, թե ինչպես կփոխվի մեր տնտեսությունն ու կենսակերպը, բայց գիտենք, որ դուրս կգանք այս ճգնաժամից ավելի ամրացած»,-եզրափակել է նա։

 

Comment here