ԳլխավորԼուր

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վերջապես պետ ունի. նախագահի հրամանագիրը

Էդվարդ Ասրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետ է նշանակել Էդվարդ Ասրյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,– ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ 2022թ-ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը թափուր էր։ Այդ օրը Արտակ Դավթյանը երկրորդ անգամ ազատվել էր ԳՇ պետի պաշտոնից։

Տեղեկացնենք, որ ԱԺ-ն հուլիսի 7-ին ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: