Իսպանական համալսարանների ղեկավարները քննադատել են օտարերկրյա դիմորդների համար պարտադիր ընդունելության քննություններ սահմանելու ծրագրերը ՝ նախազգուշացնելով, որ այդ քայլը կարող է օտարազգի ուսանողներին վանել և խոչընդոտել միջազգայնացման ջանքերին, հայտնում է The Times Higher Education—ը։ Ներկայում տեղական դիմորդները ընդունելության քննություն են հանձնում, որը սովորաբար հայտնի է որպես Selectividad կամ PAU, որը բաղկացած է պարտադիր և ընտրովի առարկաներից:
Մինչ իսպանական համալսարաններն այժմ կարող են սահմանել իրենց մասնագիտական համապատասխանության թեստերը, հրամանագրի նախագծի համաձայն, ոչ Եվրամիության երկրների դիմորդները ստիպված կլինեն նմանատիպ քննություն հանձնել։ ԵՄ երկրների դիմորդներից և նրանցից, ովքեր ստացել են միջազգային բակալավրի աստիճան, չեն պահանջի քննություն հանձնել։ Նույնը կվերաբերի այն երկրներից եկածներին, որոնք Իսպանիայի հետ գործող համաձայնագրեր ունեն, այդ թվում՝ Չինաստանը, Կոլումբիան, Անդորրան և Միացյալ Թագավորությունը:
Հրամանագրի նախագծում ասվում է, որ օտարերկրացի դիմորդները կանցնեն իսպաներենի իմացության թեստավորում, չնայած նրանցից չի պահանջվի ամբողջ քննությունը հանձնել իսպաներենով: Թեստը, որն անցկացվելու է առնվազն տարին երկու անգամ, պետք է անձամբ հանձնել կամ հեռավար կրթության ազգային համալսարանի կենտրոնում, կամ դիմումատուի երկրում՝ Իսպանիայի դեսպանատանը:
Նավարայի համալսարանի ուսանողների հետ աշխատանքի և միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Ռոզալիա Բաենան առաջարկվող քննությունն անվանել է «լուրջ սխալ»՝ հավելելով, որ «դա լրացուցիչ խոչընդոտ կհանդիսանա իսպանական համալսարանների միջազգայնացման համար»:
Փարիզի Միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան և Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար Արանչա Գոնսալեսն էլ հայտարարել է, որ դիմորդների քննություն տալու պահանջը, այլ ոչ թե SAT-ի նման տեղական գնահատման մեթոդներ ընդունելը, հակասում է ընդունող և ուղղորդող երկրների միջև «վստահության փիլիսոփայությանը»:
«Դուք հավատում եք, որ այլ երկրներ հետևում են որակի ստուգման պատշաճ ընթացակարգերին, և նրանք հավատում են, որ դուք ունեք որակի ստուգման պատշաճ ընթացակարգեր», — ասել է նա:
Բարսելոնայի համալսարանի միջազգային հարցերով պրոռեկտոր Ռաուլ Ռամոսը նշել է, որ քննությունը կիրառվում է միայն բակալավրիատի ընդունելության համար, մինչդեռ իրենց հաստատության միջազգային հավաքագրման մեծ մասը ներկայումս կենտրոնացած է հետբուհական ծրագրերի վրա: Նա նաև նշել է, որ քննությունը կարող է իրականացվել միայն ասպիրանտուրայի ընդունելության համար:
Եվրոստատի տվյալներով՝ 2022 թվականին Իսպանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների միայն 4%-ն է եղել օտարերկրացի՝ Պորտուգալիայի և Գերմանիայի 12%-ի և Ֆրանսիայի 9%-ի համեմատ։
«Ներկայում համալսարանների մեծ մասի համար դա խնդիր չէ», — ասել է պրոֆեսոր Ռամոսը, բայց Իսպանիայի բնակչության ծերացման և ներքին պահանջարկի նվազման պատճառով «մոտ ապագայում դա խնդիր կդառնա»:
IE համալսարանի նախագահ Սանտյագո Ինիգես դե Օնսոնյոն ասում է, որ ԵՄ-ից դուրս երկրներից եկած ուսանողների վճարած ավելի բարձր ուսման վարձը «կարող է հսկայական հնարավորություն լինել պետական ու մասնավոր համալսարանների համար ՝ իրենց եկամուտները մեծացնելու»: Պրոֆեսոցը նշել է՝ ինքը հասկանում է համալսարանի ընդունելության գործընթացը արդար դարձնելու անհրաժեշտությունը ինչպես միջազգային, այնպես էլ տեղական դիմորդների համար, բայց և կարծում է, որ SAT-ի նման թեստերի ճանաչումը կարող է հասնել նույն նպատակին: Նախկինում Selectividad քննությունը կիրառվում էր միջազգային դիմորդների համար, սակայն 2014-ին այդ պահանջը չեղարկվեց:
«Լավ կլինի անցկացնել ընդհանուր քննություններ, որոնք կգնահատեն ուսումը շարունակելու ունակությունը, վերացական, մաթեմատիկական առումով մտածելու ունակությունը, այն սովորական բաները, որոնք համալսարանում սովորելու հիմնական տարրերն են», — ասել է Մադրիդի Կառլոս III համալսարանի միջազգային դպրոցի տնօրեն Ալվարո Էսկրիբանոն:
«Ես վստահ չեմ, որ միանգամայն արդարացի է նույն քննությունները նշանակել տարբեր ծագում ունեցող մարդկանց»,-եզրափակել է նա:
Թրգմ.՝ Usanogh.am-ի