ԱրվեստԳլխավորԼուր

Վարդգես Սուրենյանցի գլուխգործոցը 130 տարի անց՝ առաջին անգամ Հայաստանում

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը

Սեպտեմբերի 17-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորելով կարևոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ։

Վարդգես Սուրենյանցի հանրահայտ «Լքյալը» (1894)՝ նկարչի ստեղծագործական ժառանգության և հայկական կերպարվեստի նշանավոր գլուխգործոցներից մեկը, ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։ Ստեղծագործությունը գալիս է Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։

Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվում են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։

Ցուցադրության առանձնահատուկ շեշտադրումներից է նաև Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը՝ հենց այն դուռը, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացվող պատմական բնօրինակը և դրա՝ Սուրենյանցի ստեղծած գեղարվեստական պատկերը առաջին անգամ կցուցադրվեն կողք-կողքի։

Նախագծի գաղափարական առանցքում հումանիզմն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կարեկցանքը, հիշողությունն ու համամարդկային պատասխանատվությունը։ Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված Սուրենյանցի արվեստը բարձրացնում է հարցեր, որոնք այսօր ևս արդիական են՝ արվեստը դարձնելով մարդկային փորձառության, փոխըմբռնման և երկխոսության տարածք։

Համադրող՝ Վիգեն Գալստյան

Ցուցահանդեսը կգործի մինչև 2027 թ. փետրվարի 17-ը

Հասցե՝ ք. Երևան, Արամի 1, մուտքը՝ Հանրապետության հրապարակից

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը