Արցախից (Լեռնային Ղարաբաղ) 100 417 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21043 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 81139»,–ասել է նա։
Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 32 200 մարդ։
Ըստ մարզերի տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ.
- Արագածոտնի մարզ 1852 մարդ
- Արարատ 7640
- Արմավիր` 3009
- Գեղարքունիք 2862
- Լոռի 1581
- Կոտայք 8289
- Շիրակ 1317
- Սյունիք 2244
- Վայոց Ձոր 1700
- Տավուշ 1706։
Վերջին 2 օրերի ընթացքում շուրջ 90 ավտոբուս է Գորիսից ուղևորվել Ստեփանակերտ և վերադարձել։ Արդյունքում 2900 մարդ է հասել Գորիս և Վայք։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։
Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք։
Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։