ԳլխավորԼուր

Շոշի դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պետք է պարեկային հերթապահություն սահմանել. ՄԻՊ

Շոշ գյուղի երեխաները, Արցախ

Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով, տեղեկացնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից։

Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել է, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին:

Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ:

Արցախի Շոշ գյուղը

Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում վերսկսելու է աշխատանքները նաև մանկապարտեզը: Հանրային մտահոգություններ էին բարձրացվել երեխաների՝ դպրոց հաճախելու անվտանգության հետ կապված, քանի որ այն գտնվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի մերձակա տարածքում, և դպրոց հասնելու համար երեխաները պետք է անցնեն ճանապարհը, որով ժամանակ առ ժամանակ իրականացվում է ադրբեջանական շարասյուների տարանցումը:

ՄԻՊ աշխատակազմը տեղում ծանոթացել է բարձրացված խնդրին և ականատես եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուների տարանցմանը: Չնայած երեխաների դպրոց հաճախումը կազմակերպվում է ԱՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, այնուամենայնիվ երեխաների անվտանգությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պարեկային հերթապահություն սահմանելու:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևորվել է համայքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրումը:

Comment here